Ozon-ը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք
Նմանատիպ
Ozon ընկերության մամուլի ծառայությունը հայտնել է, որ մարքեթփլեյսը Հայաստանում գործարկել է ապրանքների վաճառք Ռուսաստանից, առաքման միջին ժամկետը մոտ մեկ շաբաթ է։
«Հայաստանի բնակիչներն արդեն կարող են Ռուսաստանից ապրանքների գնումները ձևակերպել Ozon-ով։ Նրանց հասանելի է ռուսական մարքեթփլեյսի գրեթե ամբողջ տեսականին` 196 միլիոն ապրանքային անուն ավելի քան 20 կատեգորիաներում. գրքերից և հագուստից մինչև սննդամթերք կամ առողջության համար ապրանքներ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ընկերության հայտարարության համաձայն՝ առաջին փուլում Հայաստանում գնորդները կարող են ապրանքները ստանալ Omni Logistics-ի առաքման միջոցով` առաքիչների կամ պատվերների տրամադրման կետերի միջոցով։
Ընկերության խոսքով՝ նախատեսում է զարգացնել իրենց լոգիստիկ ենթակառուցվածքը Հայաստանում, այդ թվում` ստեղծել առաքման սեփական ծառայություն և պատվերների հանձնման-ընդունման կետերի ցանց։
Ավելի վաղ մարքեթփլեյսի ղեկավար Սերգեյ Գոնչարովը հայտնել էր, որ Ozon-ն այս աշնանը մուտք կգործի Հայաստանի շուկա, սակայն, ինչպես տեղեկացնում են, գործընթացն ավելի արագ է տեղի ունեցել:
Forbes-ին տված հարցազրույցում ԱՊՀ-ում Ozon-ի գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը նշել է, որ Ozon-ի առավելությունը լայն տեսականին է։
«Մենք ցանկանում ենք ուժեղացնել մեր ենթակառուցվածքը տարբեր երկրներում, որպեսզի նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյունների բնակիչները կարողանան առցանց պատվիրել և ընտրել ապրանքներ բազմազան տեսականուց»։
Ozon-ը ներկայացուցչություն է բացել Երևանում և գործարկել տեսակավորման կենտրոն։ Ընկերությունից նաև հայտնել են, որ ՀՀ–ում նախատեսում են հետագայում ընդլայնել սեփական լոգիստիկ ենթակառուցվածքը։ Կազմակերպությունը նաև կպարզեցնի պատվերների տրամադրման կետերի տարածքների համար նախատեսված պահանջները և կդիտարկի հաճախորդին հարմար մոտ տարածքները: Միաժամանակ բոլոր կետերը բրենդավորված կլինեն ընկերության կորպորատիվ ոճով, կահավորված կլինեն հանդերձարաններով:
Նշենք նաև, որ կազմակերպությունը Հայաստանում թափուր հաստիքներում աշխատանքի ընդունվելու համար հայտարարություն է տարածել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում