ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

ՌԴ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակին։ Հայտարարությունում մասնավորապես նշվել է, որ ՌԴ հասցեին ՀՀ վարչապետի հայտարարությունները անընդունելի են։Դրանք ներքին և արտաքին քաղաքականության ձախողումների պատասխանատվությունից հրաժարվելու և մեղքը Մոկսվայի վրա բարդելու փորձեր են։

«ՀՀ վարչապետը, այդպիսով, ընդունեց, որ այսքան ժամանակ գիտակցաբար պատրաստել է երկիրը Ռուսաստանից շրջադարձին։ Նոր արևմտյան վեկտորի ընտրությունը փորձ է արվում հիմնավորել իբր ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի սխալներով»,- նշվում է հայտարարությունում։

Հայտարարության մեջ ընդգծվել է նաև, որ տարածաշրջանային հարցերում Փաշինյանը, փոխանակ հետևեր եռակողմ ջենտլմենական պայմանավորվածություններին՝ թողնել ԼՂ կարգավիճակի որոշումը ապագա սերունդներին, հանձնվեց արևմուտքի հորդորներին՝ Պրահայում և Բրյուսելում ճանաչելով Ադրբեջանի ինքնիշխանությունը ԼՂ-ի նկատմամբ։

«Դա սկզբունքորեն փոխեց պայմանները, որոնց համատեքստում էր ստորագրվել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Հայաստանի ղեկավարության անհետևողական դիրքորոշման արդյունքում, որը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ռիթմիկ աշխատանքի փոխարեն նախընտրեց փախուստն ու վազքը դեպի արևմուտք, կանգ է առել եռակողմ համաձայնությունների կոմպլեքս իրականացումը։

ՌԴ ԱԳՆ-ը նաև անդրադարձել է ԱՄՆ-ի և ՀՀ-ի կապերին՝ ասելով, թե քաջ հայտնի է, որ ԱՄՆ դեսպանը խիստ մտերիմ կապեր է պահպանում ՀՀ կառավարության հետ։

«Համոզված ենք, որ ՀՀ իշխանությունը խոշոր սխալ է թույլ տալիս` գիտակցաբար փորձելով քանդել Ռուսաստանի և Հայաստանի բազմադարյան և բազմակողմ կապերը՝ երկիրը դարձնելով արևմուտքի աշխարհաքաղաքական խաղերի պատանդ»,- եզրափակվել է հայտարարությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում