Հայաստանը միակ խոչընդոտն է մահմեդական պետությունների ամուր շղթայի կառուցման համար. Geopolitical Monitor
Նմանատիպ
Կանադական Geopolitical Monitor էլեկտրոնային պարբերականը անդրադարձ է կատարել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին։ Հոդվածը սկսվում է հետևյալ կերպ. ««Հայկական պետությունը միակ պատնեշն է, որը կկանխի պանթուրանական հավակնությունների ընդլայնումը»,- 1919թ. դեկտեմբերի 8-ին նշել է ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ջերարդը։
Գերմանիայում Ամերիկայի նախկին դեսպանն իր տեսլականը հիմնավորել է ռազմավարական հաշվարկներով: Այդ տարվա սկզբին նա հոդված հրապարակեց The New York Times-ում՝ թվարկելով մոտ երկու տասնյակ պատճառներ, թե ինչու Ամերիկան պետք է կանգնի հայերի կողքին։ «Մերձավոր Արևելքում արևմտյան քաղաքակրթության լույսը վառ պահելու» կողքին ամերիկացի դեսպանը կրկին վկայակոչեց աշխարհաքաղաքական նկատառումները՝ պնդելով, որ միայն Հայաստանն է «փակելու թուրքերին» Մերձավոր Արևելքում՝ կանխելով «ապագայում ցանկացած պանթուրանական երազանք», նշվում է հոդվածում։
Հոդվածում կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ ավելի քան մեկ դար առաջ մի շարք ամերիկացի դիվանագետներ Հայաստանին նայում էին ոչ միայն մարդասիրական, այլև ազգային շահերի տեսանկյունից։ Նաև մեջբերվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը, որտեղ նշվում էր հետևյալը. «Հայաստանը միակ խոչընդոտն է մահմեդական պետությունների ամուր շղթայի կառուցման համար, որը ձգվում է ոչ միայն Կովկասով, այլև Չինաստանից մինչև Փոքր Ասիայի ափերը»։
Այստեղ պատմական ակնարկ է արվում դեպի Խորհրդային Միության շրջան։ Մասնավորապես ասվում է. « Խորհրդային Միության սկզբնական շրջանում, ոչ առանց Թուրքիայի կուլիսային ճնշման, Իոսիֆ Ստալինը ստիպեց իր կուսակից ընկերներին տեղափոխել Լեռնային Ղարաբաղը (պատմական Արցախ), որն այն ժամանակ 95%-ով բնակեցված էր քրիստոնյա հայերով Խորհրդային Ադրբեջան` Կասպից ծովի ափին ձևավորված թյուրքական հանրապետություն»:
«Այնուամենայնիվ, նրանք (Արցախի հայերը) երբեք չկորցրին Հայաստանին վերամիավորվելու հույսը: Երբ 1980-ականների վերջերին Խորհրդային Միությունը սկսեց փլուզվել, ԼՂ հայերը, հետևելով գործող խորհրդային օրենքին, անջատվեցին Ադրբեջանից և հռչակեցին անկախություն։ Հետագա տարիներին նրանք հետ մղեցին ադրբեջանական բանակը, զինադադար կնքեցին Ադրբեջանի հետ և ձեռնամուխ եղան ժողովրդավարության և շուկայական տնտեսության կառուցման դժվարին գործին։ Սակայն, երբ 2002 թվականին Ռեջեփ Էրդողանը իշխանության եկավ Թուրքիայում, ազգերի պանթյուրքական գոտի ստեղծելու դարավոր հայեցակարգը զգալի զարկ ստացավ»,-ասվում է հոդվածում։
Իսկ ահա գալով 2020 թվական հոդվածի հեղինակն անդրադառնում է Վաշինգտոնում գործող ինստիտուտի, որը նախազգուշացում էր արել նեոօսմանիզմի տեսլականների մասին։ Այդ ինստիտուտը Մերձավոր Արևելքի ինստիտուտն էր, որի վերլուծաբանները նախազգուշացրել են «թուրքական նեոօսմանիզմի և պանիսլամիստական տեսլականների մասին, որոնք կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ Արևմուտքի համար»:
Հեղինակները զգուշացրել են Թուրքիայի կողմից ջիհադականներին Լիբիա արտահանելու մասին։ Վստահելի աղբյուրները, այդ թվում՝ ԱՄՆ-ում, հուշում էին, որ Թուրքիան նաև հազարավոր վարձկանների է մատակարարել Կովկաս՝ Ադրբեջանի կողմից հայերի դեմ կռվելու համար։
«COVID-19-ի, տարածաշրջանում Ռուսաստանի պակաս ակտիվ ներգրավվածության և 2020-ի աշնանը սպասվող ԱՄՆ նախագահական ընտրությունների պայմաններում թուրք-ադրբեջանական դաշինքը վարձկանների աջակցությամբ գրավեց հայկական բնակավայրերը և գրավեց Ղարաբաղի զգալի մասը։ Նոյեմբերին ռուս խաղաղապահները ժամանեցին՝ որոշակի երաշխիքներ տալով փոքրացող հայկական հայրենիքի մնացած մասի համար։ Այնուամենայնիվ, անցյալ տարի Ուկրաինայի պատերազմի հետ Ռուսաստանի ուշադրությունն ավելի շեղվեց, և թուրքական ադրբեջանական ճնշումը հայերի վրա մեծացավ։ Լեռնային Ղարաբաղի 120,000 բնակիչները ութ ամիս ապրել են Ադրբեջանի շրջափակման տակ՝ չնայած Վաշինգտոնի, Մոսկվայի, Եվրամիության և Միավորված ազգերի կազմակերպության բազմակի կոչերին՝ բացել կենսական կապի ճանապարհը»։
Արդեն գալով վերջին իրադարձություններին հոդվածի հեղինակը նշում է, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ պետքարտուղարի Եվրասիական հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը Սենատի լսումների ժամանակ հայտարարել է. «ԱՄՆ-ն չի հանդուրժի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում»։ Սա չխանգարեց Ադրբեջանի կողմից հերթական ագրեսիայի ակտին. պաշտոնյայի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց՝ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական ուժերը հերթական լայնածավալ հարձակումը սկսեցին Լեռնային Ղարաբաղի դեմ։ Քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես չմիջամտեց ԼՂ հայրենակիցներին պաշտպանելու համար, հաջորդ օրը ԼՂ 120 հազար բնակիչները ստիպված եղան վայր դնել զենքերը։ Հարյուրավոր զոհեր տալով՝ ղարաբաղահայությունն այժմ զանգվածաբար լքում է իր հազարամյա պապենական հայրենիքը՝ փորձելով ապաստան գտնել Հայաստանի Հանրապետությունում։
«Հարյուր տարի առաջ Արևմուտքը փորձեց և չկարողացավ ավելի անվտանգ սահմաններ ստեղծել Մերձավոր Արևելքում: Հարյուր տարի անց Արևմուտքը հերթական անգամ կտապալվի՞։ Ջեյմս Ջերարդի և Սեմ Բրաունբեքի ռազմավարական տեսլականները չպետք է անտեսվեն»,- եզրափակվում է հոդվածը։
Հոդվածի հեղինակը Վիրջինիայից Հայկարամ Նահապետյանն է, ով պատմաբան է: Նրա ակադեմիական հետազոտությունները վերաբերում են պատմական Հայաստանում ամերիկացի միսիոներների փրկության ջանքերին, Հայաստանի պատմությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայոց ցեղասպանությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմին և այլ հարցերի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում