Բացահայտվել են 3 մլրդ ՀՀ դրամը գերազանցող ապօրինի թմրաշրջանառության դեպքեր
Նմանատիպ
Հայաստանում թմրամիջոց վաճառող հարթակներին և Telegram ալիքներին բաժանորդագրվել է 50 հազարից ավելի բաժանորդ։ Այս մասին ՀՀ քննչական կոմիտեի 9-ամյակին և ծառայողի օրվան նվիրված կոլեգիայի նիստի ժամանակ ասել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«2022-2023 թթ․ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով քննվել է 4029 քրեական վարույթ, մեղադրանք է ներկայացվել 1063 անձի, 287 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Քննված վարույթներով հայտնաբերված և շրջանառությունից հանված թմրամիջոցների շուկայական արժեքը գերազանցել է 400 մլն ՀՀ դրամը, իսկ ապօրինի թմրաշրջանառության արդյունքում ստացված ֆինանսական միջոցների ծավալը գերազանցել է 3 մլրդ ՀՀ դրամը»,- ասել է Քյարամյանը։
Նրա խոսքով` բացահայտվել է սոցցանցերում գրանցված 49 խանութ-հարթակ, որոնցից միայն մեկով գործունեություն է ծավալել թմրանյութերի վաճառքով զբաղվող 65 տելեգրամյան ալիք։ Նշվում է, որ հայտնաբերվել է լաբորատոր պայմաններով կահավորված 6 սենյակ, որտեղ պատրաստվել և հարթակներին են մատակարարվել թմրամիջոցներ։
Քյարամյանն իր ելույթում շեշտել է, որ 2022-2023 թվականներին կոմիտեի ստորաբաժանումները նախաձեռնել և քննություն են իրականացրել քրեական ենթամշակույթ կրող անձանց և նրանց մասնակցությամբ կատարված հանցագործությունների 41 վարույթներով։
Դրանցից 14-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, 1-ով վարույթը կարճվել է, իսկ մնացած 26-ով նախաքննությունը շարունակվում է: Նա նաև անդրադարձել է ՔԿ ծառայողների աշխատանքի վարձատրությանը, որը բարձրացվել է հուլիսի 1-ից, ավտոներկրման գործընթացի վերաբերյալ քննվող քրեական վարույթներին և մի շարք այլ հարցերի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում