ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը. Լավրով

ՌԴ խաղաղապահները պատրաստ են աջակցել խաղաղությանը. Լավրով

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անկայունություն են սերմանում: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պահպանումը՝ իր ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ, միջազգային խաղաղության և կայունության գրավականն է» հոդվածում։

«Ներկայումս Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին` Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։ Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքը դասավորելու, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,-ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղում տեղակայված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարության համաձայն: ՌԴ խաղաղապահ զորախմբի գտնվելու ժամկետը սահմանվել է փաստաթղթի ստորագրման պահից սկսած 5 տարի, ավտոմատ երկարաձգմամբ` հերթական 5 տարի ժամկետով, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում