Ընթանում են Երևանի քաղաքապետի ընտրությունները

Ընթանում են Երևանի քաղաքապետի ընտրությունները

Այսօր Երևանի քաղաքապետարանում կայացել է ավագանու նիստ, որի ընթացքում պետք է ընտրվի նաև Երևանի քաղաքապետ։

Նիստին մասնակցել է ավագանու 37 անդամ, այսինքն՝ քվորում կա։
Քվեարկությունը սկսվել է 10։25, և ըստ կանոնակարգի, տրվում է մեկ ժամ ժամանակ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Կազմակերպչական վարչություն պետ Արմինե Վարդանյանը ծանուցել է, որ մինչև տրված ժամանակի ավարտը արդյունքները չեն կարող ամփոփվել։

Ավագանու նիստին զուգահեռ Երևանի քաղաքապետարանի դիմաց «Բաբոն Տեր ա» կանանց նախաձեռնության և մի շարք այլ քաղաքացիական նախաձեռնություններ բողոքի ակցիա են իրականացնում։

Ցուցարարներն իրենց հետ բերել են պաստառներ, որոնց վրա գրված է «Մանդատ չունես»։ Նրանք դեմ են իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի առաջադրմանը։
Քաղաքական նախաձեռնության անդամները պահանջագիր-ծանուցումներ են ուղարկել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերին՝ «Ազգային Առաջընթաց» կուսակցության, «Մայր Հայաստան» դաշինքի և «Հանրային Ձայն» կուսակցության բոլոր ընտրված ավագանու անդամներին անհատապես։

Նրանք քաղաքական ուժերից պահանջում են ցուցաբերել քաղաքական կամք ու հասունություն և չներկայանալ քաղաքապետի ընտրությունների նիստին:
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Անդրանիկ Թևանյանի «Մայր Հայաստան» դաշինքն ու նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշել են չգալ առաջին նիստին, որպեսզի տապալեն այն և կրկնակի ընտրություններ անցկացնեն։

«Հանրային ձայնի» առաջնորդ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ դեմ է կրկնակի ընտրություններին և ավելի շուտ կսատարի գործող իշխանության թեկնածուին, քան նախորդ իշխանության ներկայացուցիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում