ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստան է ուղարկել իր ներկայացուցչին

ԵԽ գլխավոր քարտուղարը Հայաստան է ուղարկել իր ներկայացուցչին

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի փախստականների և միգրանտների հարցով հատուկ ներկայացուցիչը Հայաստան է եկել, որպեսզի գնահատի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կարիքները: Տեղեկությունը հայտնում է Առաջին լրատվական ալիքը` վկայակոչելով Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ելույթը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի հերթական նիստի ժամանակ։

Բուրիչը հայտնել է, որ երբ իր ներկայացուցիչը Հայաստանից վերադառնա, մարդկանց աջակցելու ծրագիր կմշակվի:

«Բայց, իհարկե, ավելի լուրջ հարց կա: Հարկավոր է հասկանալ՝ երբ և ինչպես այդ մարդիկ կարող են վերադառնալ իրենց տներ: Քանի որ, կարծում եմ, ոչ ոք չի ցանկանում փախստական լինել, ոչ ոք չի ցանկանում լքել այն վայրը, որտեղ ծնվել է, կամ որտեղ իր նախնիներն են ծնվել: Պետք է անենք հնարավորը, որ այդ մարդիկ հետ գնան»,– ասել է նա։

Բուրիչը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի քարտուղարության առաքելություն ուղարկել նաև Ադրբեջան՝ խոսելու ադրբեջանական իշխանությունների հետ և հասկանալու՝ ինչպիսին է ստեղծված իրավիճակի հետ կապված նրանց գնահատականը:

«Այսպիսով նաև կոչ եմ անում Ադրբեջանին լիովին հետևել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային, քանի որ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլորն իրավունք ունեն օգտվելու բոլոր ազատություններից և իրավունքներից»,- նշել է Բուրիչը:

ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին, թե ինչպես է Եվրոպայի խորհուրդը վերաբերվում Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի նախկին առաջնորդների ձերբակալությանը, Բուրիչը պատասխանել է, որ այդ հարցը ևս կլինի քարտուղարության առաքելության ադրբեջանական այցի օրակարգում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում