ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հետ քննարկվել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքները
Նմանատիպ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Առաքելությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության և նորարարության տնօրինության ղեկավար, Կրթություն-2030 ստորաբաժանման տնօրենի պաշտոնակատար Սոբհի Տավիլը:
Նշենք, որ փաստահավաք առաքելությունը Հայաստան է գործուղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կրթության ոլորտում առկա կարիքների գնահատման նպատակով:
Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ սեպտեմբերի 19-ից հետո հայ բնակչությունը ԼՂ-ից բռնի տեղահանվել է ՀՀ, և այժմ ՀՀ կառավարությունը, ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեռնարկում է քայլեր՝ ապահովելու բռնի տեղահանվածների ընդհատված կրթության իրավունքի իրացումը:
Մարտիրոսյանը մտահոգիչ է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի առաջարկի մերժումն Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական պատմամշակութային հուշարձանների մոնիթորինգի և գույքագրման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ չի ապահովվել:
Նախարարի տեղակալը նաև ասել է, որ ակնկալում են հասցեական գործողություններ ՅՈՒՆԵՍԿՕ-ից, որոնք կնպաստեն մի շարք խնդիրների կարգավորմանը, ինչպես նաև կճնշեն Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը։
«2020 թ. 44-օրյա պատերազմի ավարտից հետո արձանագրվել են հայկական հուշարձանների հանդեպ արդեն իսկ արձանագրված շուրջ 50 վանդալիզմի և խեղաթյուրման դեպքեր, որոնք Ադրբեջանն իրականացրել է իր վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացնելու նպատակով: Մենք ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կկիրառի իր բացառիկ մանդատը՝ կանխարգելելու նմանօրինակ դեպքերը, որոնց հավանականությունը 2023 թվականի բռնի տեղահանումներից հետո ավելի մեծ է»,–ասել է նա։
Նախարարի տեղակալը միաժամանակ կարևորել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնարավոր դերը կրթության բովանդակության մոնիտորինգի մեջ՝ մասնավորապես ներկայացնելով Ադրբեջանի ուսումնական հաստատությունների բովանդակության մեջ հայատյացության առկայությունը։
Սոբհի Տավիլը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տեղահանված աշակերտների և ուսանողների կրթության անընդհատության ապահովման նպատակով ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող ջանքերին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում