Ռուսական ակտիվները G7 երկրների իրավասություններում կմնան «սառեցված»

Ռուսական ակտիվները G7 երկրների իրավասություններում կմնան «սառեցված»

Ռուսաստանի ակտիվները Յոթնյակի (G7) երկրների իրավասություններում կմնան «սառեցված», քանի դեռ Ուկրաինան չի ստացել կրած վնասի փոխհատուցումը։ G7-ի ֆինանսների նախարարների կոմյունիկեի տեքստը մեջբերում է իտալական ANSA գործակալությունը։

Ճապոնիայի ֆինանսների նախարարության ղեկավար Շունիչի Սուզուկին Մարաքեշում լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծել է, որ G7 երկրները հաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը՝ ուղղված Ուկրաինայի երկարաժամկետ աջակցությանը, այդ թվում՝ երկրի վերականգնմանը:

Ճապոնիայի ֆինանսական դեպարտամենտի ղեկավարը հայտնել է նաև, որ Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն մասնակցել է յոթնյակի երկրների խմբի ֆինանսների նախարարությունների և Կենտրոնական բանկի ղեկավարների բանակցություններին։

ANSA-ի տվյալներով՝ G7 երկրներում սառեցված ռուսական ֆինանսական ակտիվների ծավալը գնահատվում է մոտավորապես 280 մլրդ դոլար։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ արևմտյան երկրները դիտարկում են Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները Ուկրաինային փոխանցելու հնարավոր իրավական հիմքերը։ Նրա խոսքով՝ ռուսական ակտիվները բռնագրավելու համար Արևմուտքը պետք է հաստատի, որ «դրա իրավական հիմքը կա»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի գարնանից ի վեր ԵՄ-ն բազմիցս հայտարարել է, որ սառեցրել է Ռուսաստանի ոսկու և արտարժույթի մոտ 300 միլիարդ դոլարի պաշարները։ Մայիսի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունները՝ մասնավոր, պետական ​​կամ կորպորատիվ, բացարձակապես անընդունելի են։ Այդ կապակցությամբ նա հայտարարել է, որ Ռուսաստանը հնարավորինս կպաշտպանի իր շահերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում