ԱՄՆ-ը ՌԴ-ի ակտիվների ապասառեցման համար պայման է ներկայացրել

ԱՄՆ-ը ՌԴ-ի ակտիվների ապասառեցման համար պայման է ներկայացրել

ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և Մեծ Բրիտանիայում ռուսական ակտիվները սառեցված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հատուցի Ուկրաինային պատճառած վնասները։ Այս մասին ասված է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի՝ եվրոպացի գործընկերների հետ բանակցություններից հետո արված հայտարարությունում։

«Ազգային անվտանգության խորհրդականներն ընդգծել են, որ իրենց երկրների իրավասություններում Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները սառեցված կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել Ուկրաինային պատճառված վնասի համար, և դիտարկել են Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հետագա ուղիները», – ասվում է վերոնշյալ հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիան արգելափակել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի միջոցները 22 միլիարդ եվրոյի չափով, ինչպես նաև մոտ 150 միլիոն եվրոյի չափով միջոցներ՝ մասնավոր հաշիվներում: Իտալիայում սառեցված է ռուսական ակտիվներից 2,5 միլիարդ դոլար, Մեծ Բրիտանիայում՝ 20,95 միլիարդ դոլար, ԱՄՆ-ում՝ 330 միլիարդ դոլար: Գերմանիայում արգելափակված են Կենտրոնական բանկի և ֆիզիկական անձանց մոտ 5,32 միլիարդ եվրոյի միջոցներ։

Քիչ ժամանակ առաջ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարել էր, որ ՌԴ կառավարությունը և Կենտրոնական բանկը նախապատրաստել են գործողություններ, որի արդյունքում օտարերկրյա ակտիվների մի մասը հնարավոր կլինի ապասառեցնել՝ Ռուսատանում արևմտայն ակտիվների ապասառեցման դեպքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում