Իրանը 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել Հայաստանին. Կոստանյան

Իրանը 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել Հայաստանին. Կոստանյան

Պաշտոնական Թեհրանը Երևանին 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի 3 պետություններին, այսինքն` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև այդ ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»,– նշել է Կոստանյանը։

Նա հավելել է, որ հրավերը նախարարների մակարդակով է, և հիմա իրանական կողմի հետ քննարկումներ են տեղի ունենում։

Նախարարի տեղակալն անդրադարձավ նաև այն հարցին, թե արդյոք հայկական կողմը մտայնություն չի՞ տեսնում պաշտոնական Բաքվի մոտ արևմտյան ձևաչափերից հրաժարվելու` նկատի ունենալով այն հանգամանքը, որ խոսվում էր նաև Թբիլիսիում եռակողմ հանդիպում անցկացնելու հնարավորության մասին։

«Ձևաչափերի մշտական փոփոխությունը մեզ մոտ լրջագույն կասկածներ է հարուցում` արդյոք պաշտոնական Բաքուն ընդհանրապես հետաքրքրվա՞ծ է խաղաղության գործընթացը ավարտին հասցնելով, թե իրենք ուղղակի մի ձևաչափից մյուսն են փորձում անցնել և այդպես էլ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումից խուսափել»,– ասել է Կոստանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում