Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկները

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկները

Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, բայց դեռ չի պատասխանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով դիրքավորվի և բարձրաձայնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը։

Իսկ Գրանադայի հայտարարությունում, փոխնախարարի դիտարկմամբ, հայտարարված են այն ուղենիշները, որոնք, ըստ Հայաստանի, պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում։

Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցել էր հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացնելուց հետո, ուղարկել է իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում