Ի՞նչ առաջարկներ են արել Թեհրանը և Բաքուն Երևանին. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Ի՞նչ առաջարկներ են արել Թեհրանը և Բաքուն Երևանին. Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում օրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Իրանը 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել Հայաստանին. Կոստանյան

Պաշտոնական Թեհրանը Երևանին 3+3 ձևաչափով հանդիպման հրավեր է ուղարկել։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

«Հրավերն ուղղվել է Հարավային Կովկասի 3 պետություններին, այսինքն` Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարություններին, ինչպես նաև այդ ֆորմատը ենթադրում է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչների մասնակցություն»,– նշել է Կոստանյանը։

Նախիջևանում շարունակվում է ադրբեջանա-թուրքական զորավարժությունների նախապատրաստումը

Նախիջևանում շարունակվում են «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» զորավարժությունների նախապատրաստական ​​աշխատանքները։ Առանձին համակցված բանակի ստորաբաժանումները վերաբաշխվել են։

Ադրբեջանա-թուրքական զորավարժությունները տեղի կունենան հոկտեմբերի 23-25-ը։ Նշվում է, որ նրանց նպատակն է ապահովել զորքերի փոխգործակցության մարտական ​​համերաշխությունը, փորձի փոխանակումը և պրոֆեսիոնալիզմի բարձրացումը։

Իսրայելը դադարեցրել է իր դեսպանատան գործունեությունը Թուրքիայում

Իսրայելը հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին՝ Թուրքիայի։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հրապարակման համաձայն՝ Թուրքիայում Իսրայելի դեսպանը ևս հետ է կանչվել։

Իսրայելի հանրային հեռուստառադիոընկերությունն էլ իր հերթին է հայտնել, որ Թուրքիայից բացի, մերձավորարևելյան մի շարք երկրներում Իսրայելի դեսպանատները դադարեցնում են գործունեությունը՝ անորոշ ժամանակով։

Վրաստանը հայտարարել է հնարավոր միջուկային պատերազմի մասին

Վրաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում տարածաշրջանում միջուկային զենքի հնարավոր կիրառմանը նախապատրաստվելու համար։ Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, այս մասին խորհրդարանում փակ լսումներից հետո լրագրողներին ասել է Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության (ՊԱԾ) ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին։

«Ներկայիս մարտահրավերները չեն բացառում միջուկային զենքի օգտագործումը տարածաշրջանում, ուստի մենք պետք է զգույշ և խելամիտ քաղաքականություն վարենք»,- ասում է պարոն Լիլուաշվիլին՝ հստակ նկատի ունենալով Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև իրավիճակը Մերձավոր Արևելքում։

Արցախցիները ներխուժել են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն․ Շահրամանյանը ներսում է

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները, որոնք բողոքի ակցիա էին անում Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց, ճեղքելով ոստիկանական ծառայողների պատնեշը, կարողացան մուտք գործել շենք։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը շենքում է, արցախցիներն էլ փորձում են իրենց համար անորոշ հարցերի պատասխանները ստանալ նրանից։

Լավրովն ու Բայրամովը քննարկել են «3+3» ձևաչափի մոտեցումները

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ արտգործնախարարությունից։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

Վերանայվել են «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի գործունեության մոտեցումները։

Մենք իրավունք չունենք էսօր էս ձևաչափով գործելաոճ դրսևորենք. Սամվել Շահրամանյան

Շահրամանյանը, դիմելով հավաքված արցախցիների, ասել է․ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի հետագա ճակատագիրը։

Նա հավելել է. «Խնդրում եմ մեր բնակչությանը, մեր արցախցիների, էս ամենը մեծ վտանգավորության է ներկայացնում, սթափ ու զգոն լինենք էս հարցերի շուրջ։ Պետք չի դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չի։ Մենք իրավունք չունենք էսօր իրար մեջ էս ձևաչափով գործելաոճ դրսևորենք։ Ես երբեւիցե չեմ հրաժարվել բանակցելու, քննարկելու հարցերից, այդ թվում այն մարդկանց հետ, որոնք դուք համարում եք, որ անհրաժեշտ ա ներգրավել․ լրիվ բաց ենք բոլորի համար։ Ես խնդրում եմ մեր բնակչությանը, հիմա ցրվեք, զբաղվեք ձեր առօրյա հոգսերով, ձեր խնդիրները մեզ պարզ են և առաջիկայում դուք ստանալու եք հանրային ձևով պատասխան»։

ԼՂ վերադարձի համար անվտանգության երաշխիքներ են անհրաժեշտ․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանը խաթարեց ագրեսիայի կիրառմամբ։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կլինի, եթե մի քանի հազար հայ որոշի վերադառնալ Արցախ, արդյոք դա հայկական կողմի համար ձեռնտու կլինի, թե օտարների, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը պատասխանել է` «Ակնհայտ է, որ հայերի` Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ են անհրաժեշտ, որովհետև հարց կա` մարդիկ ինչու լքեցին իրենց տները, իրենց հայրենիքը։ Լքեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում և, ըստ էության, ԼՂ–ում էթնիկ զտում տեղի ունեցավ»,- ասել է Կոստանյանը։

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի ադրբեջանական առաջարկները

Երևանը ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, բայց դեռ չի պատասխանել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով դիրքավորվի և բարձրաձայնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները»,- ասել է ԱԳ նախարարի տեղակալը։

ԵՄ-ում հայտարարել են ՀՀ–ում առաքելության ընդլայնման հնարավորության մասին

Ի պատասխան Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ սպառնալիքների, Եվրամիությունը կարող է ընդլայնել իր դիտորդական առաքելությունը Հայաստանում: Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Բրյուսելը չի վախենում, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական գործողություններին թույլ արձագանքի պատճառով Բաքուն կարող է հարձակվել Հայաստանի տարածքի վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում