Պապիկյանը և Լըկորնյուն ստորագրել են երկկողմ համաձայնագրեր

Պապիկյանը և Լըկորնյուն ստորագրել են երկկողմ համաձայնագրեր

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն երկկողմ համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Պապիկյանն այցելել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարություն, այնուհետև մեկնարկել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուի հետ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությանը, նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

«Ամփոփվել են 2022թ. սեպտեմբերին և այս տարվա հունիսին Փարիզում տեղի ունեցած քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքը, նախանշվել են համագործակցության զարգացման նոր հնարավորությունները, որոնք ներառում են պաշտպանական համակարգերի ձեռքբերմանը, ռազմական կրթությանը, վերապատրաստումներին, փորձի փոխանակմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։

Կողմերը բարձր են գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և պատրաստակամություն հայտնել նոր ջանքեր գործադրել այն առավել զարգացնելու համար:

Պաշտոնական հանդիպումից հետո տեղի է ունեցել մամուլի համար համատեղ հայտարարություն, որի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացմանը համակողմանիորեն ցուցաբերվող աջակցության համար:

Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունում տեղի է ունեցել երկկողմ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում