«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում

«ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ են սպասվում

Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար ՀՀ քաղաքացիություն ստանալու նպաստավոր պայմաններ կստեղծվեն։ ԱԺ–ն ընդունել է «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։

Նախագծի հեղինակը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն է։

Նա առաջարկել էր մի լրացում անել, համաձայն որի` «զավակ» բառից հետո անհրաժեշտ էր ավելացնել «կամ ծնող» արտահայտությունը։

«Այդ դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող։ Ներկայացված լրացումը թույլ է տալիս ծնողի քաղաքացիության հիմքով չափահաս զավակին ևս տրամադրել քաղաքացիություն։ Նախագծով առաջարկել ենք նաև այն, որ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը, որի ծնողը կամ ծնողները նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն և օրենքով սահմանված կարգով վերջին 1 տարում բնակվել է ՀՀ–ում»,– նախագիծը ներկայացնելիս ասել էր Բաքոյանը։

Նա նաև շեշտել էր` նախագծի ընդունման պարագայում օրենսդրական հնարավորություն է ստեղծվելու, որով քաղաքացիություն ստանալու հարցում բավական նպաստավոր պայմաններ են սահմանվելու ՀՀ ազգային փոքրամասնությունների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում