Հայաստանում նոր բանտ կառուցելու մրցույթ կհայտարարվի
Նմանատիպ
2024 թվականին Հայաստանում նոր բանտ կառուցելու մրցույթ կհայտարարվի։ Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Այս տարի ՀՀ արդարադատության նախարարությունը նոր ՔԿՀ կառուցելու նախագծահաշվարկային պայմանագիր է կնքել։ Նախատեսվել էր, որ նախագծահաշվարկային աշխատանքները կավարտվեն մինչև 2024թ.-ի նոյեմբեր, բայց գործընկերները խոստացել են ավելի շուտ ավարտել։ Սպասում ենք, որ արդեն 2024թ.-ին նոր բանտի շենքի կառուցման մրցույթ հայտարարվի։ Կնքված պայմանագրի գումարային մնացորդը, որ 2024 թվականին պետք է վճարենք, 168 մլն դրամ է, որի շուրջ 70 միլիոնն արդեն վճարել ենք»,- նշել է նախարարը։
ՀՀ արդարադատության նախարարությունը քրեակատարողական հիմնարկների արդիականացման և բարեփոխումների համար 2024 թվականին նախատեսում է հատկացնել 13 մլրդ 763 մլն դրամ, որը 222 մլն դրամով պակաս կլինի 2023 թվականի համեմատ։ Դա, ըստ նախարարի, պայմանավորված է նրանով, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի կառավարումը փոխանցվել է ՀՀ առողջապահության նախարարությանը։
Մինասյանը տեղեկացրել է նաև, որ 2024 թվականին ևս 22 մլն դրամ է նախատեսվել ՔԿՀ–ներին անհրաժեշտ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար։
«Այս տարի մոտ 230 մլն դրամ է հատկացվել 10 նոր «Ֆորդ տրանզիտ» մակնիշի փոխադրող-ուղեկցող մեքենա ձեռք բերելու համար, որոնք կահավորված են ժամանակակից հատուկ ստանդարտներով` օդորակիչներով և այլն։ Այսուհետ ամեն ՔԿՀ–ին մեկ մեքենա հատկացված կլինի դատապարտված քաղաքացիներին տեղափոխելու համար»,- ասել է Մինասյանը։
Ինչ վերաբերում է պրոբացիայի ծրագրին, ապա 2024 թվականին նախատեսվել է հատկացնել 777 մլն 690 հազար դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում