Ինչո՞ւ և ինչպե՞ս է տապալվում Ադրբեջանի իսրայելական ծրագիրը.Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Ինչո՞ւ և ինչպե՞ս է տապալվում Ադրբեջանի իսրայելական ծրագիրը.Times.am-ը ներկայացնում է օրվա կարևոր լուրերը

Times.am-ը ձեր ուշադրությունն է հրավիրում այսօրվա կարևորագույն իրադարձությունների ամփոփ լրահոսին։

Հայաստանն ու Իրանը նոր հուշագիր են ստորագրել

Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Իրանի կոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի հետ։

Երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման ու աշխատուժի փոխանակման նպատակով՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։ Վերջիններս պարտավորվել են համատեղել ջանքերը` զբաղվածության ապահովման, ապօրինի միգրացիայի կանխման և աշխատուժի փոխանակման գործընթացի պարզեցման ուղղությամբ։

Դոնեցկը հրթիռակոծվել է․ տուժածների մեջ կան լրագրողներ

Դոնեցկն հրթիռակոծվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից, ինչի արդյունքում քաղաքում խոշոր հրդեհ է սկսվել։ Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։

Նրա խոսքով՝ հարձակման է ենթարկվել վառելիքով և քսանյութերով տանկը։

Հրթիռակոծության արդյունքում վիրավորվել են «Իզվեստիա» հեռուստաալիքի նկարահանող խմբի անդամները։ Տեղեկությունը հաղորդել է մեդիա հոլդինգը իր Telegram ալիքում։

Ադրբեջանի իսրայելական նախագիծը տապալվում է. Ի՞նչ է սպասվում Արցախին

Պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դրել Թուրքիայից Ադրբեջանի կախվածության աստիճանը։ Նման եզրահանգման են եկել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետները։

Տարիներ շարունակ Ադրբեջանին զինած, բազում տեսակի աջակցություն ցուցաբերած Իսրայելը փաստի առջև է կանգնել՝ ամենապատասխանատու պահին Ադրբեջանն առաջնորդվում է ոչ թե Իսրայելի հետ մինչ այս պահը գոյություն ունեցած փաստացի դաշնակցային հարաբերություններից բխող տրամաբանությամբ, այլ Թուրքիայի թելադրանքով։

ԱՄՆ-ն «մարեց» Էրդողանի զայրույթը մի զույգ ռազմավարական ռմբակոծիչներով

ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու B-1B Lancer ռմբակոծիչներ անցյալ երեքշաբթի վայրէջք կատարեցին Թուրքիայում։ Թերևս սա նման տիպի ռազմավարական ռմբակոծիչների առաջին այցն էր Թուրքիայի Ադանա նահանգի Ինջիրլիք ավիաբազա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, գրում է Drive տեղեկատվական-վերլուծական պորտալը։

B-1B-ի ժամանումը տեղի է ունենում Թուրքիայի և Իսրայելի միջև լարվածության հերթական աճի ֆոնին, երբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուժեղացնում է իր հռետորաբանությունը Իսրայելի կառավարության դեմ՝ միաժամանակ հայտարարելով, որ իր հակառակորդը՝ ՀԱՄԱՍ-ը, «ահաբեկչական կազմակերպություն» չէ:

ԱՄՆ-ում հայտարարել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին։

«Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առանց այդ էլ բարձր էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների սպառնալիքը»,- հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը:

Իրանը հերքել է իր մասնակցությունը ԱՄՆ ռազմակայանների վրա հարձակումներին

ԱՄՆ-ն «կանաչ լույս» է վառել Իսրայելի համար Գազայում հանցագործություններ կատարելու համար, ամերիկացիները՝ որպես Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտության սրման գլխավոր մեղավոր, կարող են թիրախ դառնալ ցանկացած վայրում, և դա կապ չունի Իրանի հետ: ISNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին։

Նոյեմբերի 1-ին Իրաքում շիա խմբավորումները հայտարարել էին, որ երկու անօդաչու թռչող սարքերով գնդակոծել են ամերիկյան Էտ Թանֆ ռազմակայանը, որը ռազմական օբյեկտ է Սիրիայի Հոմս նահանգում` Սիրիայի, Իրաքի և Հորդանանի սահմանին:

Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Էրդողանի և Ֆիդանի հետ

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ Անկարայում կայացած հանդիպմանը քննարկել է Գազայի հատվածում տիրող իրավիճակը և հրադադարի հասնելու ուղիները։

«Հակառակորդին սպասվում են սարսափելի հետևանքներ, սա մեր տարածաշրջանն ու տունն է, մենք որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնում տարածաշրջանի և տան անվտանգությունն ապահովելու հարցում։ Եթե պատերազմը չդադարեցվի, տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանք, ովքեր աջակցում են ռազմական հանցագործություններին»,- ասել է Աբդոլահիանը։

Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոկն այս շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։

«Նախարարն ուրբաթ առավոտյան կմեկնի Հայաստան և Ադրբեջան։ Նա նախ կայցելի Երևան, որտեղ կհանդիպի հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ», – ասել է նա։ Բերբոկը պատրաստվում է այցելել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների տեղավորման կենտրոն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում