Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը հակասում է ցանկացած միջազգային  նորմի․ ԱԳՆ

Վագիֆ Խաչատրյանի դատավճիռը հակասում է ցանկացած միջազգային  նորմի․ ԱԳՆ

Վագիֆ Խաչատրյանի հետ կատարվածը հակասում է բոլոր նորմերին։ Այս մասին X-ի պաշտոնական էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Նա նշել է` ավելի քան մեկ ամիս Բաքվում շարունակված, բեմադրված շոուից հետո Լեռնային Ղարաբաղի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը մեջբերել է Վագիֆ Խաչատրյանի` դատարանում արտասանած խոսքերը «Ես անմեղ մարդ եմ», և հիշեցրել, որ նա չի ընդունել իրեն առաջադրված կեղծ մեղադրանքները։

«Մենք շեշտում ենք` սա հակասում է ցանկացած նորմի, ներառյալ` Միջազգային մարդասիրական իրավունքին»,– գրել է Բադալյանը։

Հիշեցնենք՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել էր ադրբեջանակն ծառայությունների կողմից։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, և նրա նկատմամբ «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Հապճեպ և շինծու գործով դատարան է ներկայացել 59 «տուժող», բոլորն էլ «ճանաչել» են Խաչատրյանին և խոսել նրա կատարած «հանցագործությունների» մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում