Սամբոյի աշխարհի առաջնությունում հայ մարզիկները 10 մեդալ են նվաճել
Նմանատիպ
Հայաստանի հավաքականները 5 արծաթե և 5 բրոնզե մեդալով են ավարտել ելույթները Երևանում անցկացված Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
Մրցումային վերջին՝ երրորդ օրը, ԱԱ-ի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել են Ավետիք Պողոսյանը, Բորիս Շատվերյանը և Դավիթ Գրիգորյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Վաչիկ Վարդանյանը:
Մարտական սամբոյի 88 կգ քաշայինների եզրափակչում Ավետիք Պողոսյանը գոտեմարտել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Սայիդ Սայիդովի հետ և զիջել մրցակցին: Պողոսյանը մեկնարկային գոտեմարտում 6:2 հաշվով առավելության էր հասել Ղազախստանի ներկայացուցչի նկատմամբ, այնուհետև ուժեղ էր գտնվել Թուրքմենստանի և Ղրղզստանի ներկայացուցիչներից: Այս քաշային կարգում մրցանակակիր դարձած մարզիկների պարգևատրման արարողությանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Մարզական սամբոյի 79 կգ քաշայինների եզրափակչում Բորիս Շատվերյանը, որն այս տարի ավելի վաղ հռչակվել էր ԱՊՀ խաղերի չեմպիոն, զիջել է Բուլղարիայի ներկայացուցիչ Իվան Հարկովին: Մինչ այդ Շատվերյանը երեք վստահ հաղթանակներ էր տարել Մոլդովայի, Իրաքի և Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող մարզիկների նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ արդեն ուժեղ էր գտնվել FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսանդր Կոկշայից: Այս քաշային կարգում մրցանակակիր դարձած մարզիկներին պարգևատրել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Մարզական սամբոյի 98 կգ քաշայինների եզրափակչում Դավիթ Գրիգորյանը զիջել է Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող Անտոն Կոնավալովին և դարձել արծաթե մեդալակիր: Հայ սամբիստը երեք վստահ հաղթանակներ տանելով՝ դուրս էր եկել եզրափակիչ: Մրցանակակիրներին պարգևատրել է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, մարտական սամբոյի 71 կգ քաշային կարգում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը երկու վստահ հաղթանակներից հետո կիսաեզրափակչում 0:1 հաշվով զիջել է սերբ մրցակցին և բավարարվել ԱԱ-ի բրոնզե մեդալով: Այս քաշային կարգում մրցանակակիրներին պարգևատրել է աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանը:
Այսպիսով, Հայաստանի հավաքականները Երևանում ավարտված աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ 10 մեդալ են նվաճել:
Աշխարհի առաջնության փոխչեմպիոններ են հռչակվել Արամ Աղաջանյանը (71 կգ), Բորիս Շատվերյանը (79 կգ), Դավիթ Գրիգորյանը (98 կգ), մարտական սամբոյից՝ Ավետիք Պողոսյանը (88 կգ), Վահրամ Գրիգորյանը (64 կգ):
Բրոնզե մեդալներին արժանացել են Վահագն Չալյանը (88 կգ), Վարսիկ Գրիգորյանը (54 կգ), մարտական սամբոյից՝ Վաչիկ Վարդանյանը (71 կգ), Սարգիս Վարդանյանը (79 կգ), Արման Ավանեսյանը (98 կգ):
Հայաստանի հավաքականներն աշխարհի առաջնությանը մասնակցում էին Վովիկ Խոջայանի գլխավորությամբ: Մարզիչներին էին Հայկ Ավետիսյանը և Էռնեստ Միրզոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում