Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները պայմանավորվածության են եկել
Նմանատիպ
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի այսօրվա հանդիպմանը որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ–ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների հինգերորդ հանդիպումը` Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ։
Ըստ ԱԳՆ–ի` կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:
«Նախնական համաձայնեցրել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը»,- ասված է հաղորդագրությունում:
Պաշտոնյաները պայմանավորվել են սկսել սահմանազատման հարցերով զբաղվող հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները։
Կողմերը որոշել են ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը, ինչպես նաև պայմանավորվել են աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում