Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն կայանելու համար տուրքերից
Նմանատիպ
Էլեկտրական ավտոմեքենաները ազատված կլինեն Երևանի կենտրոնում ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար տուրքերից։ Երևանի քաղաքապետարանում «կարմիր գծերի» վճարն ավելացնելու հետ կապված հանրային լսումների ընթացքում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Էլեկտրական ավտոմեքենաներն ազատված են այս տուրքից և ազատված են մնալու։ Դա արվում է այն տրամաբանությամբ, որպեսզի խրախուսենք էլեկտրական տրանսպորտով մարդկանց երթևեկելը, ինչը հսկայական բնապահպանական կոմպոնենտ ունի իր մեջ»,–ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով` նախկինում եղել է ընթացակարգ, որ այդ արտոնությունից օգտվելու համար պետք էր դիմում գրել Երևանի քաղաքապետարան, բայց այժմ այդ խնդիրը լուծվել է։
«Տեսախցիկներով հսկող կազմակերպությունը տվյալներ է ստանում ոստիկանության բազայից և այդ տվյալներն ունենալով՝ դիմումներ գրելու անհրաժեշտություն չի լինում։ Համակարգը գործում է ինքնաշխատ տրամաբանությամբ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում (Երևան քաղաքի «Ա» գոտում) ավտոկայանատեղիում (կարմիր գծեր) կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 000 դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ (Երևան քաղաքի «Բ» գոտի) 24 000 դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում