Երևանը և Բաքուն քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշումը

Երևանը և Բաքուն քննարկում են միջպետական սահմանից զորքերի հետքաշումը

Երևանը և Բաքուն քննարկում են հայ-ադրբեջանական միջպետական սահմանից զորքերի հետքաշման հնարավորությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ ճեպազրույցում։

«Մենք առաջարկել ենք հայ-ադրբեջանական սահմանից զորքերը դուրս բերելու նախաձեռնություն, կարծում ենք, որ դա դրական ազդեցություն կունենա և կօգնի կանխել նոր հնարավոր էսկալացիաները։ Ես չեմ ասի, որ ունենք համաձայնություն, բայց սա գաղափար է, որը քննարկվում է»,- նշել է Միրզոյանը։

Նա ընդգծել է, որ վստահության ստեղծման ճանապարհին այս պայմանավորվածություններից զատ քննարկվում են նաև մյուսները, օրինակ, գերիների փոխանակման պայմանավորվածությունը։ Այս հարցում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, ամեն ինչ ընթանում է պայմանավորվածությունների համաձայն։

«Եթե նկատել եք`երկու բաղադրիչ կար գերիների փոխանակում և Կլիմայի կոնֆերանսի կոմպոնենտը, որը պաշտոնապես ավարտվել է երեկ։ Այսօր արդեն կարող ենք սպասել երկրորդ բաղադրիչի իրականացմանը։ Մենք չունենք հիմք ասելու, որ ադրբեջանական կողմը չի կատարի պայմանավորվածությունը»,– ասել է Միրզոյանը։

Նա հույս է հայտնել, որ նման փոխադարձ քայլերը դրական ազդեցություն կունենան հարաբերությունների կարգավորման վրա։

Միևնույն ժամանակ, նախարարի խոսքով, հիմնական գործընթացը խաղաղության պայմանագրի բանակցություններն են։ Դրա համար Ադրբեջանը, նրա կարծիքով, պետք է վերադառնա բանակցային սեղան, հանդիպումների ձևաչափ։

«Գործի մեծ մասն, ըստ էության, արված է, եթե խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին։ Հիմա մեզ պետք է հանդիպել և պայմանավորվածությունների գալ էական հարցերի շուրջ վերջնական ձևակերպումների հետ կապված»,- ասել է Միրզոյանը։

Բանակցությունների ձևաչափի վերաբերյալ նա նշել է, որ դրանք պետք է շարունակվեն միջազգային դերակատարների միջնորդությամբ, քանի որ ցույց են տվել իրենց արդյունավետությունը։ Դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի քաղաքական կամքը։

Հավելենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպել հայկական կողմի հետ։ Չեղարկվել են նախապես պայմանավորված Բրյուսելում և Գրանադայում կայանալիք հանդիպումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում