ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի նկատմամբ հարուցել է վարույթ

ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի նկատմամբ հարուցել է վարույթ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով: Այս մասին հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Citibike»-ի գործունեության վերաբերյալ տարբեր անվանումները կրող ֆեյսբուքյան, տելեգրամյան, յութուբյան, ինստագրամյան, տիկտոկյան էջերում տարածվել են իրականությանը չհամապատասխանող հրապարակումները։ Օրինակ՝ առաջարկվում է կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ։

«Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից, մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը»․ տնտեսվարողները սոցցանցերի տարբեր էջերով գովազդ են իրականացրել՝ ներկայացնելով իրականությանն առերևույթ չհամապատասխանող տեղեկություններ։

Դեկտեմբերի 21-ին որոշում է ընդունվել վարույթ հարուցել՝ իրավախախտումների հատկանիշների առկայությունը պարզելու համար։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ «Սիթի բայք» ներդրումային ծրագրով աշխատող կայքի վերաբերյալ Գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ է արել, ապա՝ ուղարկել Քննչական կոմիտե։ ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այդ հոդվածի համաձայն՝ ֆինանսական բուրգը կամ դրա մի մասը ստեղծելը, կազմակերպելը կամ ղեկավարելը պատժվում է ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում