Երևանը էկոլոգիապես վատ վիճակում է
Նմանատիպ
Երևան քաղաքի էկոլոգիական վիճակը բարելավելու համար հասուն ծառեր են ներկրվել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ ամփոփելով 2023 թվականին կատարած աշխատանքները։
Նա ընդգծել է, որ ծառերի փոխարինման ծրագրի շրջանակում հները փոխարինվել են հասուն, ֆունկցիոնալ ու արժեքավոր ծառատեսակներով։
«Երևան քաղաքն էկոլոգիապես վատ վիճակում է, փոշու մեծ տոկոս կա, ինչպես նաև տարբեր տեսակի մանրէներ են առկա։ Հենց այս իրավիճակը մեզ թույլ չտվեց մատի հաստության ծառեր տնկել, քանի որ որոշ ժամանակ հետո միայն դրանք կկարողանային կատարել իրենց ֆունկցիաները։ Հենց սրա համար էլ հիմնականում Իտալիայից ու Հոլանդիայից ներկրված հասուն, 10 տարեկան ծառեր ենք ձեռք բերել։ Երևանն այլևս ժամանակ չունի, որ տնկվեն այնպիսի ծառեր, որոնց ֆունկցիոնալությունը կզգացվի միայն 10 տարի հետո»,- նշել է Բեգոյանը։
Շարունակելով ներկայացնել կատարված աշխատանքները՝ նա շեշտել է, որ 2023 թվականին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 15 հա տարածքում շուրջ 7000 գծամետր ոռոգման համակարգ է անցկացվել։ Ոչ պիտանի հողերում նոր պուրակ է հիմնվել, որն անվանվում է «Փառքի անտառ»։ Այստեղ շուրջ 5000 ծառ ու թուփ է տնկվել։ Բեգոյանը շեշտել է, որ սա էկոլոգիապես ամենամեծ աշխատանքն է, որ Երևանում կատարվել է 2023 թվականին։
Հաջորդ մեծ ծրագիրը, ըստ ՊՈԱԿ-ի տնօրենի, թեղիները սակուրաներով և սոճիներով փոխարինելն էր Կենտրոն վարչական շրջանի Սայաթ-Նովա պողոտայում, Մոսկովյան և Ուլնեցի փողոցներում, ինչպես նաև Նոր Նորքի Արտեմ Միկոյան փողոցում։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտի 23-ից «Կասկադ» համալիրում բազմամյա ծառեր էին սկսել հատել։ Հարակից շենքերի բնակիչների և առհասարակ մտահոգ քաղաքացիների շրջանում մեծ աղմուկ էր բարձրացել։ Ըստ քաղաքապետարանի՝ Կասկադում, Սայաթ-Նովա պողոտայում, Ուլնեցի փողոցում առկա հաստաբուն և բարձր թեղիները հին էին և ոչ գեղեցիկ։ Երևանում էկոլոգիական վիճակը բարելավելու նպատակով այդ հատվածներում այժմ տնկվել են ճապոնական սակուրաներ, որոնք սաղարթ գրեթե չունեն և ծաղկում են միայն 1 ամիս։
Հետևեք մեզ նաև Telegram-ում