ՀՀ ուսհաստատություններում կփոխվի քննությունների կարգը
Նմանատիպ
2023-2024 ուսումնական տարում Տավուշի մարզի, իսկ հաջորդող տարիներին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում փոփոխություն է կատարվելու կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների գործընթացում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Նշվում է, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման և սովորողների փոխադրման կարգում նախատեսված փոփոխությունները։
Ըստ այդ փոփոխությունների` 4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում։ Սովորողը կրթության հաջորդ աստիճան կտեղափոխվի ձևավորված բնութագրերի հիման վրա, որը, որպես սովորողի գիտելիքի վերջնարդյունք, կհամարվի ատեստավորում:
9-րդ դասարանի ավարտական քննությունները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով, որը ինքնուրույն մտածելու, վերլուծություններ անելու կարողության դրսևորում կլինի:
Բնագիտական առարկաների դեպքում սովորողը կունենա ընտրելու հնարավորություն՝ թեստ կամ նախագիծ: Նախագծային աշխատանքը պետք է իրականացվի առնվազն երկու բնագիտական առարկայից: Մյուս առարկաների դեպքում թեստերի միջոցով քննական գործընթացի մեխանիզմը պահպանվում է, սակայն կփոխվի առաջադրանքների բնույթը՝ դրանք համահունչ դարձնելով միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը:
12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն իրականացվելու են թեստային եղանակով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը։
Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին։ Այս պահանջն ուժի մեջ կմտնի 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում