Հայաստանում կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիք է կլինի նույնը` 18 տարեկան

Հայաստանում կանանց և տղամարդկանց համար ամուսնության տարիք է սահմանվելու միևնույն` 18 տարեկանը: «Panorama.am»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության այսօրվա նիստում ասել է արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ կառավարության հավանությանը ներկայացնելով ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը: Այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային Ժողով:

«Գործող օրենքով ներկայումս կնոջ և տղամարդու ամուսնանալու տարիք է սահմանված, համապատասխանաբար՝ 17-ը և 18-ը, ինչը գենդերային անհավասարություն էր ստեղծում: Այս մասին մշտապես բարձրաձայնում էին նաև միջազգային կազմակերպությունները՝ Հայաստանի իշխանություններին հորդորելով, որ ապահովեն գենդերային հավասարությունը»,- նկատել է նախարարը:

Նշվել է նաև, որ հաշվի է առվել նաև այն հանգամանքը, որ դպրոցական կրթությունը նախկին 10 տարվա փոխարեն սահմանվել է 12 տարի: Այսինքն’ աղջիկները 17 տարեկանում դեռևս դպրոցական են, ինչը նպատակահարմար չի դարձնում ամուսնությունը: Երկրորդ’ առկա է առողջապահության նախարարության եզրակացությունն այն մասին, որ կանանց վաղ տարիքում հղիությունը հետագայում մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում:

Բացի այդ, ինչպես նշել է Հ.Թովմասյանը, վիճակագրության համաձայն՝ ամուսնական տարիքը Հայաստանում բարձրացել է: Եթե 1990-ական թվականներին 16-17 հազար ամուսնությունից 250-ում աղջիկները 17-18 տարեկան էին, 2008-2010 թթ-ին այդ թիվը հասել է 100-ի, ապա ներկայումս այդ թիվը 50-ից չի անցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում