ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իսրայելում հայերի դեմ իրականացված բռնությունները

ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Իսրայելում հայերի դեմ իրականացված բռնությունները

ԱՄՆ-ն չի ցանկանում, որ Իսրայելն այնպիսի քայլեր ձեռնարկի, որոնք կսրեն լարվածությունը։ Ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով Իսրայելում վերջին շրջանում հայերի դեմ իրականացված բռնությունները։

Նշենք՝ դեկտեմբերի 28-ին ավելի քան 30 զինված սադրիչներ ներխուժել էին Երուսաղեմի «Կովերի պարտեզի» տարածք և հարձակվել մարդկանց վրա: Հայոց հոգևոր ակադեմիայի մի քանի քահանաներ, սարկավագներ և ուսանողներ, ինչպես նաև բնիկ հայեր լուրջ վնասվածքներ էին ստացել։

Լրագրողներից մեկն ասել է, որ Երուսաղեմի հայկական թաղամասի բարձրագույն իշխանությունները մտահոգություն են հայտնում՝ կարծելով, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հակամարտությունն օգտագործում է հայկական թաղամասից շատ քրիստոնյա հայերի դուրս մղելու համար, և Միլլերին հարցրել է` ինչպե՞ս կմեկնաբանի այս մտահոգությունները Պետքարտուղարությունը։

«Կոնկրետ պատասխան չկա։ Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը քայլեր ձեռնարկի, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը ստորագրել է «Կովերի պարտեզի» տարածքը գործարար Դենիել Ռուբինշտեյնին 99 տարով վարձակալության հանձնելու մասին պայմանագիր` հյուրանոց կառուցելու համար։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում