2024թ․–ից Հայաստանում կգործի էկոպարեկային ծառայություն
Նմանատիպ
2024թ․–ից Հայաստանում կգործի էկոպարեկային ծառայություն։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
Օրենքը հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է։
«Նման ծառայություն հիմնելը 2005 թ.–ի անտառային օրենսգրքի խմբագրությամբ նախատեսված դրույթ էր։ Երկար տարիների այս գործունեության ընթացքում մենք ի վերջո 2023թ–ին օրենքը ընդունեցինք»,– ասել է Սիմիդյանը։
Նախարարը նշել է` չնայած նախապես պլանավորված է եղել, որ ծառայությունը կգործի միայն անտառային տարածքներում, բայց օրենքի մշակման արդյունքում ծառայությունը կգործի նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։ Այսինքն, այս տեղերում կլինի 24–ժամյա հսկողություն` ապօրինությունների կրճատման նպատակով։
«Գարնանը կսկսվեն դասընթացներ, որից հետո ծառայողները կկարողանան անցնել աշխատանքի»,– ասել է նա։
Հիշեցնենք, որ շրջակա միջավայրի պահպանության ծառայություն ստեղծելու որոշումը կառավարությունը որոշել էր 2023-ի նոյեմբերին։ Ծառայողին տրվելու է իրավախախտումն արձանագրելու, վարույթ հարուցելու, վնասը չափելու և տուգանք նշանակելու իրավունք, եթե իրավախախտողը չենթարկվի ծառայողի պահանջներին։ Նրանք ունեն նաև ֆիզիկական ուժ կիրառելու իրավունք։ Ծառայությունը հագեցած կլինի ժամանակակից միջոցներով, կվերազինվի, ծառայողները համապատասխան հանդերձանք կունենան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում