Միասնական քննությանը հեռախոս ունեցողները գուցե չկարողանան 2–րդ անգամ քննություն հանձնել
Նմանատիպ
Հունվարի 20-ին մեկնարկող՝ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին մասնակցող այն դիմորդները, որոնց մոտ հեռախոս կլինի, կհեռացվեն քննությունից և հնարավոր է՝ զրկվեն ամռանը երկրորդ անգամ քննություն հանձնելու հնարավորությունից։ Այս մասին ասուլիսում հայտարարել է Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։
Նրա խոսքով` այժմ քննարկում են այն տարբերակը, որ հեռախոս հայտնաբերելու դեպքում տվյալ դիմորդին զրկեն ամռանն անցկացվող քննությանը մասնակցելուց։
«Երբ հեռախոս ունեցող դիմորդին հեռացնում են քննությունից, տպավորություն է, որ իրենց համար ոչինչ տեղի չի ունեցել, մի բան էլ շնորհակալ են լինում, թողնում-դուրս են գալիս։ Իրենք գիտեն, որ հունիսին նորից իրավունք ունեն մասնակցելու քննությանը, և հունվարին ուղղակի չեն գնահատվի»,–ասել է Նասիբյանը։
Նա ընդգծել է, որ գործընթացն ավելի խիստ մոտեցում է պահանջում։ Փորձը ցույց է տալիս, որ հունվարին ավելի շատ են հեռախոսներ հայտնաբերում, քանի հունիսին։
Միաժամանակ Նասիբյանը հայտնել է, որ բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլին կմասնակցի 9672 դիմորդ մոտ 22.000 շրջանավարտից։
Նախորդ տարի նույն ժամանակահատվածում միասնական քննություններին մասնակցել է 11.800 դիմորդ։
Միասնական քննությունների համար նախապատրաստել են 43 քննական կենտրոն, որոնք տեղակայված կլինեն Երևանում և մարզկենտրոններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում