«Քո կարիերայի օրը». Ուսանողները ծանոթացել են աշխատանք փնտրելու նրբություններին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում (ՀԵՀ) մեկնարկել է «Քո կարիերայի օրը» խորագրով երկօրյա դասընթացը։ Այն իրականացնում են ՀԵՀ-ը և «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը, տեղեկացնում են հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Դասընթացին մասնակցում է աշխատանք փնտրող և բուհերի բարձր կուրսերում սովորող շուրջ 30 երիտասարդ, որոնց մասնագետները կծանոթացնեն աշխատանք փնտրելիս CV գրելու, հայտադիմում լրացնելու նրբություններին և գործատուի մոտ հարցազրույցի ճիշտ ներկայանալու կանոններին։

«Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Գոռ Նազարյանը նշում է, որ երիտասարդության շրջանում այսօր ամենաարդիականն աշխատանքի խնդիրն է, և «Քո կարիերայի օրը» ծրագրի նպատակը մասնակիցներին այդ հարցում աջակցություն ցուցաբերելն է։ «Սեմինարների շրջանակներում երիտասարդների հետ հանդիպում կունենան ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատակիցները կծանոթացնեն աշխատանք փնտրելու ուղիներին։ Հայաստանում գործող մի շարք խոշոր կազմակերպությունների HR մասնագետները կներկայացնեն իրենց մոտ աշխատանքի ընդունվելու հնարավորությունները»,- նշում է Գոռ Նազարյանը։

Դասընթացի մասնակիցների համար կկազմակերպվի նաև ցուցահանդես. համապատասխան տաղավարներում 12 կազմակերպություն կներկայանա թափուր աշխատատեղերով, և երիտասարդներն անմիջապես կկարողանան շփվել գործատուների հետ։

Սեմինարի ընթացքում AIESEC ուսանողական կազմակերպության և Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության անդամները երիտասարդներին կներկայացնեն նաև կամավորության դերը և հնարավորությունները հաջող կարիերայի ձևավորման գործում

Հետևեք մեզ նաև Telegram-ում