ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կրկին հարվածներ են հասցրել Եմենի հուսիթների օբյեկտներին

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան կրկին հարվածներ են հասցրել Եմենի հուսիթների օբյեկտներին

ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կրկին հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) ապստամբական շարժման օբյեկտներին: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան օգտագործել են նավերից արձակված Tomahawk հրթիռներ, ինչպես նաև կործանիչներ՝ ոչնչացնելու հուսիթների պահեստներն ու հրթիռների արձակման վայրերը: Ինչպես նշում է գործակալությունը, սա արդեն երկրորդ դեպքն է, երբ դաշնակիցները համակարգված պատասխան հարվածներ են հասցնում հուսիթների թիրախներին։

Al Arabiya և Al Jazeera հեռուստաալիքների փոխանցմամբ ամերիկյան ու բրիտանական զինուժը հարձակվել է Սանայում հուսիների Ադ-Դայլամի ռազմաբազայի, ինչպես նաև Թաիզ, Հաջա, Ալ-Հոդեյդա և Ալ-Բեյդա մարզերում գտնվող այլ օբյեկտների վրա։ Ինչպես Al Jazeera-ին հայտնել է «Անսար Ալլահ» շարժման անանուն աղբյուրը, լույս երեքշաբթի գիշերը հասցված հարվածներն ամենազանգվածայինն են հունվարի 12-ի հարձակումից հետո։

Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան առնվազն 35 հարված են հասցրել հուսիթների օբյեկտներին։ Բացի այդ, հեռուստաալիքի աղբյուրները պնդում են, որ հարձակման հետևանքով «Անսար Ալլահ»-ի երեք բարձրաստիճան ներկայացուցիչ է սպանվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում