Մասնագիտական կրթությունը կարծես կրթական համակարգի խորթ զավակն է․ Անդրեասյան
Նմանատիպ
«Խոսակցություն բացելով մասնագիտական կրթության և ուսուցման մասին՝ թույլ տվեք ասել՝ այս ոլորտը կարծես կրթական համակարգի խորթ զավակն է իր չօգտագործված պոտենցիալով և հանրային թերարժեքությամբ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ։
Նախարարի խոսքով՝ ֆորմալ կրթական համակարգն ամենաճկուն ոլորտն է ու ամենաարագն է արձագանքում հանրության և տնտեսության կարիքներին։
«Այս ոլորտում մենք տարեկան մի քանի նոր մասնագիտական կրթական ծրագրեր ենք ներդնում։ Սկսեց զարգանալ էլեկտրոմոբիլների ոլորտը, ներդրվեց էլեկտրոմոբիլների սպասարկման մասնագիտությունը, այլընտրանքային էներգիայի աղբյուրներն ենք սկսել օգտագործել, արևային կայանների մոնտաժման մասնագիտություն ենք ներդրել»,- ասել է նա։
Նախարարի խոսքով՝ այսօր որակավորում չունեցող աշխատուժն առավել խոցելի հատվածն է։
«Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տալիս, թե ինչպես է մեծանում ռիսկը հետագայում այդ մարդկանց և նրանց ընտանիքների աղքատության, առողջական խնդիրների և բազմաթիվ այլ հարցերի առումով»,– նշել է նա։
Նախարար Անդրեասյանը ներկայացրել է նաև վիճակագրական մի շարք տվյալներ. ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ ՀՀ–ում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։