ՌԴ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել Իլ-76 ինքնաթիռի խոցման թեմայով

ՌԴ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել Իլ-76 ինքնաթիռի խոցման թեմայով

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Բելգորոդի շրջանում ուկրաինացի գերիներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի խոցման թեմայով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք մոտ մեկուկես ժամ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ ենք խնդրել (Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00–ին) և մեծ հույս ունենք, որ ֆրանսիական նախագահությունը բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները և նման նիստ կնշանակի որքան հնարավոր է շուտ», – ասել է նա:

Լավրովը նշել է, որ ուկրաինացի ռազմագերիները տեղափոխվում էին Բելգորոդի շրջան՝ Մոսկվայի և Կիևի միջև համաձայնեցված ռազմագերիների փոխանակումն իրականացնելու համար։

«Փոխանակման փոխարեն ուկրաինական կողմը Խարկովի մարզից խոցել է այս ինքնաթիռը զենիթահրթիռային համալիրներով, որը դարձել է ճակատագրական»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կործանված Իլ-76 ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող: SHOT տելեգրամ ալիքի տվյալներով՝ Իլ-76-ի ողջ անձնակազմին հետմահու պետական պարգևներ կշնորհվեն։

Իլ-76-ի կործանումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը կատարել է խելագար բարբարոսություն՝ անտեսելով մարդկային կյանքերը, խախտելով պայմանավորվածությունները, սպանելով օդաչուներին և ուղեկցորդ զինվորներին և կյանքից զրկելով իր քաղաքացիներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում