ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքը համապատասխանում է Երևանի անվտանգային շահերին

ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքը համապատասխանում է Երևանի անվտանգային շահերին

Ռուսաստանը Հայաստանին կոչ է անում հրապարակային հարձակումների և քննադատության փոխարեն սկսել ՀԱՊԿ-ում տիրող վիճակի քննարկում, ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։

«Մենք բոլորս շահագրգռված ենք ՀԱՊԿ-ի գործունեության հետագա բարելավմամբ և որպես ռազմաքաղաքական միավորում՝ դրա արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շուտափույթ վերադարձը կազմակերպության շրջանակում բնականոն և լիարժեք աշխատանքի։ Ցավոք, մեր հայ դաշնակիցները առայժմ իսկապես հեռվացած են դրանից: Կոչ ենք անում Երևանի մեր գործընկերներին կազմակերպության հասցեին հրապարակային էմոցիոնալ հարձակումների և քննադատության փոխարեն սկսել հասունացած հարցերի քննարկում քաղաքական և փորձագիտական մակարդակներում»,- ասել է դիվանագետը։

Մոսկվան ելնում է նրանից, որ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ փոխադարձ հարգալից երկխոսության շարունակումը համապատասխանում է անվտանգության ոլորտում Երևանի շահերին և ծառայում է եվրասիական տարածքում, այդ թվում՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանմանը։

Հայաստանի իշխանությունները բազմիցս մեղադրել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու համար։ Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել նոյեմբերի 23-ին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Մայիսին Մինսկում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին չի մասնակցել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը։ Սեպտեմբերին Հայաստանը փրկարարներ չի ուղարկել ՀԱՊԿ երկրների զորավարժություններին, որոնք տեղի են ունեցել սեպտեմբերին Բելառուսում, իսկ մինչ այդ Հայաստանի իշխանությունները աննպատակահարմար էին համարել ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումը հանրապետության տարածքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում