Մեսրոպ Մաշտոցը և հայ ոսկեդարի հոգևոր մաքառման գրականության սկզբնավորումը
Նմանատիպ
Գրականագետ, Համահայկական գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը Երևանի պետական համալսարանում սկսել է նոր դասընթաց` «Կերպարակերտումը Ոսկեդարի հայ գրականության մեջ», որ բացառիկ կարևորություն ունի հայ ինքնության արդիական մեկնության առումով: Ներկայացնում ենք դասընթացի ներածական դասախոսությունից մի հատված:
«Սա այն հոգեւոր ժառանգութիւնն է, որին հետեւելով իւրաքանչիւր անհատ ու ազգ կարող է դառնալ հզօրների մէջ հզօրագոյնը, գիտունների մէջ բարձրագոյնը, յարգուածների մէջ վսեմագոյնը՝ հակառակ փոքրութեան, հակառակ համեստութեան, հակառակ սփռուածութեան ու ջլատուածութեան։ Ահա մի գործ, որը իրաքանչիւրիս կը դարձնի անխոցելի, անպառակտելի, անընկճելի, կը միացնի մեզ իրար` որտեղ էլ լինենք, կը համախմբի մեր ուժերը, կառողջացնի մեր հոգին ու մարմինը ու կը դառնանք անառիկ բերդ: Ոչ մի չար ոյժ, ոչ մի խարդախութիւն, ոչ մի դաւադրութիւն, ոչ մի աղանդաւորութիւն, ոչ մի զէնք ի զօրու չի լինի մեզ կործանել, ինչպէս որ Քաջն Անդրանիկի դէմից փախչում էր թշնամին, ինչպէս որ նրանից խուսանաւում էին թշնամու փամփուշտները։
…Համբերութեամբ զինուէք ու սթափ կարդացէք երկը. հնարաւորին չափ թափանցեցէ՛ք գրուածի խորութեանը, եւ կատարեցէ՛ք Մաշտոցի խորհուրդները՝ վստահ լինելով որ արդիւնքը չի ուշանայ»
ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ,
ՅԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ ԵՒ ԼՈՒՍԱՒՈՐ ՃԱՌԵՐ,
ՆԱԽԱԲԱՆԸ ԵՒ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆԸ
ՄՈՎՍԷՍ ՆԱՃԱՐԵԱՆԻ, ԵՐԵՒԱՆ, 2017։
Մաշտոցի կենսագրությունը, որ գրել է նրա աշակերտ և գործակից Կորյունը 443-451 թվակաների միջև, մի պատմություն է զարմանալի հզոր հոգևոր ուժ ունեցող անհատի, ում կենդանության օրոք երկիրն ընկավ աննախադեպ ցնցումների մեջ, բաժան-բաժան եղավ, կորցրեց նախկին զորությունը, բայց այդ ողբերգությունը չհաղթեց առաքելություն ունեցող մեծ մարդուն: Նա տեսավ 387 թ. իր հայրենիքի բաժանումը պարսիկների և հռոմայեցիների միջև, տեսավ, թե ինչպես իր երկիրը տառապում է օտարի լծի տակ, բայց չընկճվեց, ելավ պայքարի: Թողեց իր ծննդավայր Տարոն գավառի Հացեկաց գյուղը, անցավ Արշակունի թագավորների մայրաքաղաք Վաղարշապատ, կարգվեց պաշտոնյա արքունի դիվանում, հմտացավ զինվորական ծառայության մեջ: Հետաքրքությունը կրոնական գրքերի ըթերցանության հանդեպ հետո պիտի ծագեր, իսկ առայժմ Մաշտոց մարդու, Մաշտոց հայի և անհատի կյանքի գործը զենքն էր ու պետական աշխատանքը:
ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԷՐ, ՈՐ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԷՐ, ԶԵՆՔԻ ՄԱՐԴ
Զորավարի առաջնորդող աջը նրան միշտ օգնել է` կամք ներարկելով իր հոգու մեջ, ուժ հաղորդելով իր մտքերին, իր հոգու խոյանքները դարձնելով անկասելի:
Հետո եկավ գրքերի ժամանակը: Վարդապետ և ուսուցիչ դարձավ, և հենց դարաշրջանն էլ պարտադրեց զենքը զուգակցել ոգու ուժին: Կրոնական գրքերի մեջ խորասուսված վարդապետը շարունակում էր զինվորական մնալ: Ծառայությունը թողեց 394 թվին, բայց շարունակեց հրամանատար մնալ` այս անգամ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻ ՈՂՋ ՇԱՐԺՄԱՆ: Տաղանդավոր կազմակերպիչ էր, զորավար ու առաջնորդ:
Աբեղյանն այն ենթադրությունն է անում, որ Մաշտոցը ծագումով ազնվական է եղել, ոչ թե ժողովրդի ստորին խավերից, քանի որ շատ երիտասարդ հասակում արքունի քարտուղար է դարձել, եղել է զինվորական, այն էլ` ոչ սովորական զինվոր: Այս դեպքում դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ «ժողովրդի ստորին խավեր» ասվածը մեկ անգամ չէ, որ հրաշք ծնունդներ է տվել մեր ազգին:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Է ՎԿԱՅՈՒՄ, ՈՐ ԱՄԵՆԻՑ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒ ՀԱՅՏՆԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՆՑ ԺՈՂՈՎՐԴԻ ՄԻՋԻՑ ԵՆ ԾՆՎՈՒՄ
Շուտով կրոնական գրքեր ուսումնասիրող վարդապետը անցնում է ճգնության, միայնակեցական կյանքի: Եվ այդ ամենն այնքան բնական էր` մեծ փորձություններից առաջ նա պիտի անցներ անապատով, ճգներ, դիմանար, կոփեր իր կամքը: Որովհետև պատրաստվում էր փրկության խարիսխ գտնել իր ազգի համար: Հեռանում է անապատներում և լեռներում, ճգնում մարդկանց բնակության վայրերից հեռու` իրեն ենթարկում զանազան նեղությունների:
Բայց ահա մի հետաքրքիր մանրամասն` ճգնության ժամերին անգամ իր հետ էին իր աշակերտները: Ամեն բան խոսում է այն մասին, որ «ԾՐԱԳՐՎՈՒՄ ԷՐ ՄԵԾ ԳՈՐԾ»: Մտնում էին քարայրները, նվիրվում ճգնության, պատրաստվում քրիստոնեություն քարոզել գավառներում ու շեներում:
Բայց հենց այդ ժամանակ Հայաստանում ամենուր, նաև հեռավոր գավառներում եկեղեցական լեզուն ասորերենն էր և հունարենը` պետք էր եկեղեցու և դպրոցի լեզուն դարձնել հայերեն` և Մաշտոցը գալիս է Սահակ կաթողիկոսի մոտ: Աստվածային օրհնություն էր հայ գրի, հայոց այբուբենի ծնունդը:
«ՅԱՃԱԽԱՊԱՏՈՒՄ ՃԱՌՔ» ԿԱՄ ՀՐՈՎԱՐՏԱԿ ԱԶԳԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ
Հայաստանում եկեղեցական լեզուն հունարենն ու ասորերենն էր, եկեղեցու պաշտամունքը կատարվում էր օտար լեզուներով։ Քրիստոնեության սկզբից Հայաստանում հիմնվում են եկեղեցական դպրոցներ, բայց ուսումը դրանցում կրկին տարվում է հունարեն և ասորերեն։ Արշակ թագավորի օրով Մեծն Ներսեսը Հայաստանի բոլոր գավառներում հիմնել էր դպրոցներ և կրկին․․․ հունարեն և ասորերեն լեզուներով։
Այսինքն՝ եկեղեցու և դպրոցի լեզուն հայերենը չէր, օտար էր։
Իր պայքարում Մաշտոցը մենակ չէր՝ Վաղարշապատում ժողով է հրավիրվում «զաշխարհահոգ խորհուրդն երանելի միաբանելոց»՝ հայերեն նշանագրեր գտնելու համար։ Մեծամեծ մարդկանց, վանականների, կրոնավորների այդ ժողովի մասին իմաց են տալիս թագավորին, և Վռամշապուհ արքան հայտնում է, թե Դանիել անունով մի ասորի եպիսկոպոս «հանկարծ ուրեմն գտեալ նշանագիրս ալփաբետաց հայերեն լեզուի»։
Ի՞նչ է նշանակում «հանկարծ»․․․ գուցե՝ պատահաբա՞ր, կամ՝ անակնկա՞լ, անբացատրելի հանելու՞կ, բայց դա էլ էական չէ։
Ցավալին այն է, որ ասորի հոգևորականը իմացել կամ տեղակ է եղել հայերեն նշանագրերի մասին, հայերը՝ ոչ։ Ինչո՞վ են զբաղված եղել մեր նախնիները, երբ համակերպվում էին այդ նվաստացուցիչ վիճակին, երբ հայ եկեղեցում հայերեն աղոթք չի հնչում, բայց մարդիկ գալիս են Աստծո տուն, և դուրս են գալիս Աստծո տնից՝ միմյանց օտար ու անհաղորդ․․․
Ուրեմն, եթե Դանիել եպիսկոպոսը գտել է նշանագրեր և իմացել է կամ իրեն հայտնել են, որ դրանք հայոց լեզվի նշանագրեր են, դա հաստատապես նշանակում է մեկ բան՝ Մաշտոցից առաջ հայոց գիր եղել է, եղել է հայ գրականություն, գրվել են գրքեր, կազմվել են մատյաններ, դրանք արտագրվել են, պատկերազարդվել են հավանաբար, եղել են գրիչներ, մանրանկարիչներ․․․
ԻՆՉՊԵ՞Ս ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄՈՌԱՑԱՎ ԻՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԳՈՒՑԵ ՄՈՌԱՑՆԵ՞Լ ՏՎԵՑԻՆ
Ի՞նչ եղան այդ գրքերն ու մատյանները, ոչնչացվեցի՞ն, այրվեցի՞ն, թե՞ փոշիացան, քայքայվեցին այդպես էլ չբացված, ընթերցող չունեցան, սիրող չունեցան, պաշտպան չունեցան․․․ Գուցե թառամեցին ու թոշնեցին անտարբերության մատնված։ Հարուստ իշխանները նրանցով զբաղվելու ժամանակ չունեին՝ տրված էին զեխ կյանքի հաճույքներին ու այդպես կործանեցին, անտեր թողեցին Երկիրը։
Ո՞վ է պատասխանատու այս սոսկալի վիճակի համար, ինչպե՞ս թույլ տվեցին մեր իշխաններն ու արքաները, որ ազգը հեռանա իր արմատից։
Եվ որքա՞ն է տևել հոգևոր այս ուրացումը, քանի՞ դար ու դարեր․․․ Ուրեմն ինչու՞ զարմանալ, որ աղետ աղետի հետևից գալիս էր հայոց գլխին, կորցնում էինք իշխանություն ու փառք, կորցնում էինք հայրենիք, իսկ մեր ազգային կյանքի կառավարիչները շատ հանգիստ թշնամուն էին հանձնում մեր ճոխ ու հարուստ քաղաքները, մեր շեներն ու գավառները, մեր եկեղեցիներն ու պալատները, և այդ ամենի հետ նաև մեր պատմությունն ու մեր նվաճումները, մեր հարստությունն ու մեր գանձերը, մեր գիտելիքներն ու հմտությունները, մեր արվեստն ու գիտությունը, մեր արհեստներն ու ողջ քաղաքակրթությունը վերջապես․․․
Ահա ինչու պիտի բարկանար Աստված, պիտի զայրանար Արարիչը, որ իր սիրելի ժողովուրդը դրժեց իր հետ հաստատած Ուխտը։ Աստվածային Օրենքների Երկրի զավակները՝ մենք հայերս, երես թեքեցինք մեր պատմությունից ու մեր հողերից, մեր գետերից ու ջրերից, լեռներից ու մեր երկնքից, մեր սարերից ու մեր ձորերից․․․ Հիմա այդ սրբազան հողերին տիրում է թշնամին, այդ ճոխ քաղաքներում ու շեներում օտարներն են բուն դրել․․
ՕՁԵՐՆ ՈՒ ԳՈՐՏԵՐՆ ԵՆ ԽՄՈՒՄ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ․․․
Ահա ինչ դրության առջև է կանգնած եղել Մեսրոպ Մաշտոցը։
Նա իր գործով մի ողջ դարագլուխ բացեց, և ինչպես նկատում է Հր․ Աճառյանը, ամբողջ իր շարժման անիվը դարձրեց մեկ գաղափար՝ անկախ ազգային ինքնաճանաչություն և ազգային գիտակցություն (Հրաչյա Աճառյան, 263)։ Եկեղեցական և ժողովրդական ինքնաճանաչությամբ զարթնեց ազգը՝ տեսնելով իր առջև ազգային մտքի իրական հսկաների։ Դրան ավելացավ աշակերտների ուսումնասեր եռանդը, որ շարժմանը երիտասարդ ավյուն ներարկեց։ Անվանի լեզվաբանը բացառիկ է համարում նաև Ոսկեդարյան շարժման լեզվական նվաճումերը․
«Ե դարը համեմատելով հաջորդ դարերի հետ, շատ ճոխ է գրական արտադրության կողմից. սրանց թվական առավելությունը գերազանցում է բոլոր մյուս դարերից. միայն ԺԲ դարն է, որ կարող է այս կողմից մրցել Ե դարի հետ: Գալով լեզվական արժանիքին, ոչ մի դար չկարողացավ մոտենալ ոսկեղենիկ լեզվին եւ Ե դարի հայերենը ամեն դարի եւ ամեն ժամանակի համար եղավ լեզվի դասական օրինակ» (Հրաչյա Աճառյան, 269):
Ոսկեդարի հայ գրականության մեջ առաջինը նշվում է «Սրբոյ Հորն մերոյ երանելւոյն Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում Ճառք լուսաւորք» գիրքը, որով, կարող ենք ասել, բացվում է հինգերորդ դարի մեր նշանավոր գեղարվեստական գագաթների հռչակավոր շղթան։
ՄԱՆՈՒԿ ԱԲԵՂՅԱՆԸ ՎՍՏԱՀ ԱՅՆ ԿԱՐԾԻՔՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ, ՈՐ ԱՅՍ ՀՌՉԱԿԱՎՈՐ ԳԻՐՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑԻ ԳՐՉԻՆ
Մեծ Վարդապետի աշակերտ Կորյունը գրում է, որ Մաշտոցը բազում խրատական գրվածքներ էր առաքում գավառներ, բայց այդ թղթերից ոչ մեկը չի պահպանվել։ «Յաճախապատում Ճառք»–ը հենց այդ գիրքն է՝ Մաշտոցի լուսավոր պատվիրանների սուրբ մատյանը, պնդում է Աբեղյանը (Մանուկ Աբեղյան, 138)։
Նույն միտքն է հայտնում նաև Երվանդ Տեր–Մինասյանը․ «Հայ ինքնուրույն գրականության շարքը բաց է անում մի գրվածք, որ կրում է «Սրբոյ Հորն մերոյ երանելւոյն Գրիգորի Լուսաւորչի Յաճախապատում Ճառք լուսաւորք» վերնագիրը․․․ Ճառերը վերագրվել են Գրիգոր լուսավորչին միմիայն նրանց դավանաբանական նշանակությունը ավելի ևս շեշտելու և նրանց ավելի մեծ հեղինակություն ընծայելու համար։
Այսպիսով, տեսնում ենք, որ հայոց ինքնուրույն գրականության հիմքը դրել է նույն Մեսրոպ Մաշտոցը» (Ե. Տ.-Մինասյան, 21, 23 ։
«Յաճախապատում Ճառք»–ը գեղարվեստական հրաշք է, գիրք, որ ազդարարեց Հայ Ոսկեդարի Հոգևոր մաքառման գրականության սկզբնավորումը։ Այս Սուրբ Մատյանը Հայ Ազգային Գաղափարախոսության հիմնաքարն է, որ բացում է առեղծվածը ողջ Ոսկեդարյան գրականության, Հայ Հոգու հավերժության և այն հզոր կենսական էներգիայի, որ ապրում է Հայ Մշակույթի խորքերում։ Այստեղ խոսում է կապանքներից ազատված Հայը, ով քայլում է դեպի ակունքն իր Ուժի, սուզվում է ազգային արմատների մեջ՝ հավերժության գաղտնիքներին մերձ։ Հայը սպասավորն է Կենաց Խոսքի, նա բնակիչն է Իմաստուն Օրենքների Երկրի և միշտ հնազանդել է Արարչին՝ Նրա հետ իր Ուխտին համաձայն։
«Նեղ ու սուրբ է սիրոյ եւ արդարութեան օրէնքների ճանապարհը, որը տանում է սուրբ ուճշմարտ կեանքի իմաստութիւններին եւ հասցնում է կեանքի ու փրկութեան դռան» (Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր, 94)։
Գիրքը բացատրում է կյանքն իբրև արարում, ուղղում է մարդու հայացքը երկնքին, ուր հաստատվել են լուսավորները, որպես առաջնորդողներ, որպեսզի իմաստությամբ սնեն մարդանց։ Եվ մարդկանց մեջ ընտիրները երևելի են դառնում, երբ կենցաղավարում են արդարության օրենքերով։
Սուրբ Մեսրոպ Մաշտոցն ստեղծել է մի Մատյան, որ առաջնորդում է մեզ դեպի Ոգու կատարելագործում։
Սա մի Գիրք է, որ խոսում է մեզ հետ ու ասում է՝ Հավատա կատարյալին, որովհետև դա է հաղթության ճամփան։
Սա մի Գիրք է, որ ստեղծվեց մեր պատմության դժվար ու դաժան տարիներին, բայց մեզ ոտքի կանգնեցրեց՝ Հույսը, Հավատն ու Սերը Հոգևոր Զրահ դարձրած։
ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆ
- Սուրբ Մեսրոպ Մաշտոց. Յաճախապատում եւ լուսաւոր ճառեր, Գրաբարից աշխարհաբարի թարգմանեց Մովսէս Անդրանիկի Նաճարեան, Համահայկական գրողների միության հրատարակչություն, Երևան, 2017:
- Հրաչյա Աճառյան, Հայոց գրերը, Խմբագրությամբ ԳԱ ակադեմիկոս Է․ Բ․ Աղայանի, ԵՊՀ հրատ․, Ե․ 1984։
- Մանուկ Աբեղյան, Երկեր, Գ, ՀՍՍՀ ԳԱ հրատ., Ե., 1968:
- Ե. Տ.-Մինասյան, Ոսկեդարի հայ գրականությունը, ՀՍՍՌ գիտությունների ակադեմիայի հրատարակչություն, Ե., 1946: