ՀՀ սահմանամերձ վայրերում հիփոթեքի սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվել է ևս մեկ տարով
Նմանատիպ
Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքներին բնակարանների մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը երկարաձգվեց ևս մեկ տարով` մինչև 2025 թ. դեկտեմբերի 31–ը։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ 2022 թվականին մեկնարկած ծրագրով շուրջ 2000 շահառուի պետք է տրամադրվի վարկերի տոկոսների համար սուբսիդավորում։
Նրա խոսքով` գործընկեր 4 բանկից արդեն իսկ ստացվել է 412 շահառուի հայտ, որոնցից Տավուշի մարզում` 239, Սյունիքում` 54, Արարատում` 50, Վայոց Ձորում` 47, Գեղարքունիքում` 22։ Բանկերից մինչ այս պահը տրամադրվել է 1.5 մլրդ դրամի վարկ։
«Շատ քաղաքացիներ էլ շինթույլտվությունները ստացել են, սակայն դեռ չեն դիմել բանկ, սակայն առաջիկա օրերին պատրաստվում են դա անել»,– տեղեկացրել է Մկրտչյանը։
Նա ավելացրել է, որ այս ծրագրով պետությունը մինչև 10 տարվա ընթացքում ամբողջությամբ կմարի մինչև 16 մլն դրամի կառուցապատման հիփոթեքի մայր գումար ու դրա գծով առաջացող տոկոսագումարը` 13% տոկոսադրույքով։ Եթե քաղաքացին ընտրել է ավելի թանկ բնակարան, ապա առաջացած տարբերությունն արդեն կվճարի ինքը։
Ըստ նրա` այս ծրագրի շահառուները պետք է տվյալ բնակավայրում ունենան հող, լինեն ամուսիններ, որոնց ամուսնությունը պետք է ունենա պետական գրանցում, ինչպես նաև` ամուսիններից մեկը պետք է լինի ՀՀ քաղաքացի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում