Ձևավորվում է անկանխատեսելի ու նեգատիվ ներդրումային միջավայր. Գրիգորյան

Ձևավորվում է անկանխատեսելի ու նեգատիվ ներդրումային միջավայր. Գրիգորյան

Շինթույլտվությունների ոլորտում պետական տուրքերի ավելացումը հանգեցրել է մի շարք ինստիտուցիոնալ բնույթի և առաձին-առաձին տեղային բնույթի խնդիրների. ԱԺ-ում շինթույլտվությունների դրույքաչափերի բարձրացման թեմայով հրավիրված լսումներին հայտարարել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ըստ նրա՝ տեղային բնույթի խնդիրներից են Երևան համայնքում սահմանված տեղական տուրքերի և վճարների 2024 թվականի դրույքաչափերի կարգավորումները, որոնք Երևան համայնքին են վերաբերելի, կան նաև համապետական մասշտաբի խնդիրներ, որոնք առնչվում են թե՛ Երևանում և թե՛ Երևանից դուրս կառուցապատում իրականացնող անձանց ամենօրյա գործունեությանը։

Կառուցապատողների համար տուրքերի, վճարների փոփոխությունների պատճառով առաջացած հետևանքների մեղման համար «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն բազմաթիվ առաջարկներ է ներկայացրել Երևանի քաղաքապետարանին։ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող լսումների ժամանակ  ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը հայտարարել է, որ դրանից միայն երկուսն է քաղաքապետարանն ընդունել։

Մեկը վերաբերում է 2024 թվականի համար՝ նախկինում տրամադրված շինարարության թույլտվությունների հնարավոր երկարաձգումների տեղական տուրքերի գծով արտոնություններ սահմանելուն, մյուսը՝ 2024 թվականի համար՝ տրամադրված ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցման տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելուն։ Առաջին դեպքում կիրառվել է 90 տոկոս արտոնություն, երկրորդ դեպքում՝ 100 տոկոս։

Նշենք, որ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ն գրութուն էր ուղարկել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանին, որտեղ նշված էր. «Որոշումներով սահմանված կարգավորումները կառուցապատողների համայնքում առաջացրել են տարակուսանք և զարմանք, իսկ առանձին կառուցապատողների համար կարող են հանգեցնել տնտեսական ծանր հետևանքների»:

«Հարկ է նշել, որ ուսումնասիրել ենք հետխորհրդային երկրների մայրաքաղաքների և այլ խոշոր քաղաքների փորձը և պարզել, որ որևէ տեղ նման տուրքեր կամ վճարներ սահմանված չեն: Նշված քաղաքներում բոլոր քաղաքաշինական թույլտվություններն անվճար են կամ սահմանված են սիմվոլիկ գումարներ»,-ասվում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական Հանձնաժողովին ուղղված գրությունում։

Նշվում է նաև. «Որոշումների ևս մեկ խնդիրն այն է, որ դրանք տարածվում են արդեն իսկ մեկնարկված ներդրումային ծրագրերի վրա: Սա մտահոգություն է առաջացնում, որ ամսիներ անց այլ գործառույթների համար ևս նման մեծ տուրքեր կամ վճարներ չեն սահմանվի: Օրինակ՝ պետական գրանցում, հասցեի որոշում, ավարտական ակտի տրամադրում և այլն: Չկա երաշխիք, որ 700 հազար դրամանոց տուրքը մեծացնելով մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր միլիոն դրամ, վաղը նույն պատմությունն այլ գործառույթի վրա ևս չի կիրառվի:

Շատերը ձեռք են բերել հողամաս, գումար ծախսել, նախագիծ կազմել, սակայն, բիզնես հաշվարկներում չէին կարող հաշվի առնել հնարավոր օրենսդրական փոփոխություններով պայմանավորված տուրքի կամ վճարի 100 հազար տոկոսով ավելացող բեռը:

Նշվածը ձևավորում է անկանխատեսելի ու նեգատիվ ներդրումային միջավայր, ինչը նշանակում է՝ խաղի կեսից կանոնների փոփոխություն, որն անթույլատրելի է ու հղի է ծանրագույն հետևանքներով:

Նշված իրավիճակը նման է մի երևույթի, որ անձը ձեռք բերի ինքնաթիռի տոմս Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ 200 դոլարով, սակայն թռիչքի կեսից տեղեկանա, որ օրինակ թռիչքի օդանավ նստելու գինը սահմանվել է 50,000 դոլար և այն պետք է վճարի: Առնվազն հողամաս ձեռք բերած և ներդրումներ կատարած անձանց համար պետք է սահմանել անցումային դրույթներ, ինչը բացակայում է»:

ԱԺ-ում հրավիրված լսումներին ՀԿ նախագահը նշել է, որ նման փոփոխությունները հանգեցնում են անկանխատեսելիության, ինչն էլ իր հերթին վախեր է առաջացնում ներդրողների մոտ։

«Ձևավորվում է անկանխատեսելի ու նեգատիվ ներդրումային միջավայր, ինչը նշանակում է՝ խաղի կեսից կանոնների փոփոխություն, որն անթույլատրելի է ու հղի է ծանրագույն հետևանքներով: Մեզ հետ զրույցում մարդիկ շատ դիպուկ օրինակ են բերել. այս իրավիճակը նման է մի երևույթի, որ անձը ձեռք բերի ինքնաթիռի տոմս Երևան-Մոսկվա ուղղությամբ՝ 200 դոլարով, սակայն թռիչքի կեսից տեղեկանա, որ օրինակ թռիչքի օդանավ նստելու գինը սահմանվել է 50,000 դոլար և այն պետք է վճարի: Առնվազն հողամաս ձեռք բերած և ներդրումներ կատարած անձանց համար պետք է սահմանել անցումային դրույթներ, ինչը բացակայում է»,-ասել է Գրիգորյանը։

Նա հորդորել է ոլորտի նկատմամբ ցուցաբերել առանձնահատուկ վերաբերմունք, քանի որ տնտեսության լոկոմոտիվ հանդիսացող ճյուղ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում