Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար

Գևորգ Պապոյանը կնշանակվի էկոնոմիկայի նախարար

Փետրվարի 24-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Վարչությունը քննարկել և հավանության է արժանացրել Գևորգ Պապոյանի թեկնածությունը Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Նշենք, որ էկոնոմիկայի նախարարի պաշտոնը թափուր էր մնացել Վահան Քերոբյանի պաշտոնանկությունից ու տնային կալանքից հետո։

Հիշեցնենք, որ Քերոբյանը պաշտոնից ազատվել է փետրվարի 14-ին՝ Փաշինյանի առաջարկությամբ։ Քերոբյանն ինքը բարձրաձայնել էր Փաշինյանի հետ ունեցած անհամաձայնությունների մասին։ Պաշտոնից ազատումը, սակայն, տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն սկանդալի ֆոնին, որում հայտնվել էր նրա արդեն նախկին տեղակալը՝ Անի Իսպիրյանը։ Կոռուպցիոն սկանդալի մասին հայտնի դարձավ հունվարի 31-ին։
Մասնավորապես, երկու վարույթներով ձերբակալվել է յոթ անձ, այդ թվում՝ Էկոնոմիկայի՝ պաշտոնից ազատված փոխնախարար Անի Իսպիրյանը և Պետական ներդրումների քաղաքականության վարչության պետ Լիլյա Սիրականյանը։

Հետագայում Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց տնային կալանքը։ Ինքը՝ Քերոբյանը, կասկածանքով էր վերաբերվել քրեական գործի հիմնավորվածությանը, ավելին՝ նշել էր, որ ՔԿ-ն նախ պետք է պարզաբանի՝ ինչ է ենթադրում չարաշահումը։

Պաշտոնից ազատման հաջորդ իսկ օրը Քերոբյանին հրավիրել են ՔԿ՝ հարցաքննության, ապա՝ մեղադրանք ներկայացրել Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում