Այն հուշարձանը, որին այցելել եմ, բախտավոր է, որովհետև բավարար չափով է անմահացել․ այսօր Սամվել Կարապետյանի հիշատակի օրն է
Նմանատիպ
2020թ․-ի փետրվարի 27-ին մահացել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, քարտեզագիր Սամվել Կարապետյանը։
Սամվել Կարապետյանը ծնվել է 1961թ․-ի հուլիսի 30-ին, Երևանում։ Արմատներով Տուրուբերան աշխարհի Արճեշ գավառի Բերդաղ գյուղից սերած Բաղդասարի գերդաստանից է։
Սամվել Կարապետյանը տարբեր երկրներում մանրամասն ուսումնասիրել, չափագրել, լուսանկարել է հայկական հազարավոր հուշարձաններ և հայկական հետքեր։ Հեղինակել և համահեղինակել է հայկական հուշարձանների, հայկական ճարտարապետության և հայոց պատմությանն առնչվող տասնյակ գրքեր, գիտական հարյուրավոր հոդվածներ և բազմաթիվ քարտեզագրքեր։
Նա հայտնի է նաև որպես Թուրքիաում, Ադրբեջանում, Վրաստանում հայկական հուշարձանների և հետքերի ոչնչացման քաղաքականության քննադատ։ Կարապետյանի համոզմամբ՝ այդ երկրների իշխանությունները նպատակաուղղված կերպով իրականացնում են հայկական հուշարձանների ոչնչացման քաղաքականություն։ Իր փաստերը 2007 թվականին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին։ Իր հայագիտական գործունեության համար Վրաստանում հայտարարված էր անցանկալի անձ և արգելված էր նրա մուտքն այդ երկիր։
Իր գործունեության ընթացքում Սամվել Կարապետյանը Հայաստանի Հանրապետության տարածքում չափագրել է ավելի քան 50 հուշարձան և լուսանկարել մոտ 22000 կադր, իսկ Արցախի Հանրապետությունում՝ ավելի քան 200 հուշարձան և և լուսանկարել մոտ 24000 կադր։
Նա ուսումնասիրել է ոչ միայն բնակավայրերում ու հարակից տարածքներում գտնվող հուշարձանները, այլև դրանցից հեռու սարերում, անտառներում գտնվող և երբևէ չուսումնասիրված բերդերը, կամուրջները, վանքերը, եկեղեցիները, մատուռները, գերեզմաններն ու խաչքարերը։ Իր հետազոտություններին զուգահեռ նա իրականացրել է նաև բանահավաքչություն և տեղացիներից հավաքագրել է ավելի քան 4000 մանրատեղանուն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում