Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն բջջային հավելվածով

Այսուհետ շտապօգնության կանչի թերթիկները կլրացվեն բջջային հավելվածով

Այսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով։ Բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում։ Այդ մասին, այսօր՝ մարտի 4-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանն ասաց առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը:

Շտապօգնության բժիշկների մոտ կլինեն պլանշետներ, որտեղ կգրանցվի կանչի ստացման պահից սկսած յուրաքանչյուր քայլ՝ կանչի ժամը, հիվանդի ներկայացրած գանգատները, ախտորոշումը, իրականացված միջամտությունները, դեղերի ցանկը, հիվանդանոց տեղափոխման ընթացքը և այլն:

«Ստանալով կանչը՝ առայժմ դիսպետչերների միջոցով այն կփոխանցվի պլանշետի վրա: Այնուհետ հնարավորություն կլինի կանչը միանգամից փոխանցելու: Գանգատներն անմիջապես կնշվեն, կլինի ձայնային մուտքի հնարավորություն, ինչպես նաև էլեկտրասրտագրությունը նկարելու հնարավորություն:
Բոլոր ախտորոշումները, որոնք համաշխարհային միջազգային բժշկական դասակարգավորման մեջ կան, ներառված են, և շատ հեշտ և գրագետ ձևով կարող են ներմուծել»,- նշեց Դավիթ Կարապետյանը:

Կարապետյանը հավելեց, որ բացի կանչի ընթացքի արձանագրումից՝ վճարովի ծառայության դեպքում պլանշետներով հնարավոր կլինի նաև քարտից գումար գանձել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում