Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը զինադադարի նոր առաջարկ ունի. Reuters

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը զինադադարի նոր առաջարկ ունի. Reuters

ՀԱՄԱՍ-ը, որպես Գազայի հատվածում հրադադարի իր նոր ծրագրի մաս, առաջարկում է ազատ արձակել պատանդ վերցված կանանց և երեխաներին՝ իսրայելական բանտերից մինչև 1000 պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակելու դիմաց, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով փաստաթուղթը։ ՀԱՄԱՍ-ը պարտավորվում է ի սկզբանե ազատ արձակել երեխաներին, տարեցներին, կանանց, այդ թվում՝ զինվորականներին և վիրավոր պատանդներին, որոնք գերի էին վերցրել Իսրայելի վրա հարձակման ժամանակ։ Դրա դիմաց Իսրայելը պետք է ազատ արձակի 700-ից 1000 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 100-ը դատապարտված են ցմահ ազատազրկման։

Փոխանակման ավարտից հետո ՀԱՄԱՍ-ն առաջարկում է պայմանավորվել մշտական ​​հրադադարի ժամկետի և Գազայի հատվածից իսրայելական զորքերի դուրսբերման ժամկետի շուրջ։ Երկրորդ փուլում նախատեսվում է բոլոր պատանդների և գերիների ազատ արձակումը։

Ավելի վաղ՝ մարտի 14-ին, ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ միջնորդներին ներկայացրել է զինադադարի «համապարփակ» ծրագիր, որը ներառում է մարդասիրական օգնության առաքումը Գազայի հատված, տեղահանվածների վերադարձը և իսրայելական զորքերի դուրսբերումը: ՀԱՄԱՍ-ը նշել է, որ այս «սկզբունքներն ու հիմքերն անհրաժեշտ են համաձայնության հասնելու համար», սակայն չի ներկայացրել իր ծրագրի մանրամասները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում