Փաշինյանը ոստիկանապետին տանելով Տավուշ, հասկացրել է, որ կպատժի նրանց, որոնք դեմ են հողերը հանձնելուն․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանը ոստիկանապետին տանելով Տավուշ, հասկացրել է, որ կպատժի նրանց, որոնք դեմ են հողերը հանձնելուն․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունները պատրաստվում են հակաարցախյան նոր շարժում սկսել, միաժամանակ բոլորին վախեցնելով պատերազմով, իսկ տավուշցիներին սպառնալով, որ կճնշեն ցանկացած ընդզվում՝ հողերի հանձնման հետ կապված․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․  Փետրվարի վերջին կրեմլյան աղբյուրներից տեղեկություն տարածվեց, թե մարտի 1-ից Ռուսաստանը դադարեցնելու է բենզինի արտահանումներն այլ երկրներ։ Պատճառը բենզինի արտադրության ծավալների նվազումն է՝ ուկրաինական զինուժի կողմից որոշ նավթամշակման գործարանների ռմբակոծումների հետ կապված։

Բացառություն կարվի ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաեւ Մոնղոլիա, Ուզբեկստան, Աբխազիա եւ Հարավային Օսիա մատակարարումների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ շուտով Հայաստանում կարող է դեֆիցիտ առաջանալ, ու վառելիքի գները կարող են թանկանալ։ Բենզին ներմուծողներն առայժմ փոփոխություններ չեն նկատել։ «Ռան Օյլ» ընկերությունից մեզ հայտնեցին, որ բենզինի թանկացման մասին ոչ մի պաշտոնական տեղեկություն չկա, իսկ եթե լինի, իրենք հայտարարություն կանեն։

Բենզինի վաճառքով զբաղվող «Ստանդարտ Պետրոլ» ընկերության տնօրեն Լալա Գաբրիելյանն էլ ասաց, որ ոչ մի փոփոխություն՝ ո՛չ ծավալային, ո՛չ գնային, չի նկատել։ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն էլ ասաց, որ թեեւ ինքը հիմա նման հարցերով չի զբաղվում, սակայն, իր տեղեկություններով, արգելքը Հայաստանի վրա չի տարածվում։ «Իմ ինֆորմացիայով՝ դա Հայաստանին առայժմ չի վերաբերում, որովհետեւ մեր երկիրը ԵԱՏՄ անդամ է։ Առայժմ նման հարց չկա դրված։ Բայց, կրկնում եմ, սա իմ տեղեկությունն է»,- ասաց Բարսեղ Բեգլարյանը։ Իսկ թե Հայաստանի պրոարեւմտյան քայլերն ու ՆԱՏՕ-ի քարտուղարի այցը, Երեւանում արած հակառուսական հայտարարություններն ինչ հետեւանքներ կունենան Հայաստանի համար, կերեւա առաջիկայում: Մայիսյան տոներին ԵԱՏՄ-ն նշում է իր ստեղծման 10-ամյակը, եւ Ռուսաստանը մեծ շուքով պատրաստվում է դրան:

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է այցելել Մոսկվա եւ մասնակցել այդ միջոցառմանը, քանի որ ռուսական շուկայից հրաժարվելը եւ ԵԱՏՄ անդամությունը դադարեցնելը կարող են խիստ բացասաբար ազդել Հայաստանի տնտեսության վրա: Բայց կհաջողվի՞ արդյոք միանգամից երկու աթոռի նստել եւ լարախաղացություն անել երկու հակամարտող ճամբարների միջեւ, դեռեւս պարզ չէ:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության այսօրվա հանրահավաքը, որը տեղի կունենա Ազատության հրապարակում, ժամը 15:30-ին, մեծ հետաքրքրություն է առաջացրել հայկական տեղեկատվական ու քաղաքական դաշտում:

Ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որոշակիորեն անհանգստացած են և տարբեր ձևերով փորձում են կանխել արցախցիների համախմբումը, իսկ այս նախաձեռնությունը արդեն բավականին ներքին համախմբում է ապահովել արցախցիների շրջանում:

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ ակնկալվում է, որ հազարավոր արցախցիներ ու հայաստանցիներ են մասնակցելու հանրահավաքին՝ իրենց ձայնը բարձրացնելու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության համար: Մեզ հետ մասնավոր զրույցում որոշ արցախցիներ նշել են, որ նույնիսկ 10,000-ից ավելի մարդ կարող է մասնակցի հանրահավաքին: Նշենք, որ բացի տարբեր ճնշումների վերաբերյալ տեղեկություններից, հանրահավաքի մասին հայտարարությունից հետո ՀՀ իշխանությունները մի քանի էական զիջման գնացին բնակարանային ու սոցիալական ծրագրերի՝ նախօրոք հայտարարված մոտեցումներում:

Ըստ որոշ տեղեկությունների հայրենի իշխանությունները սպասում են հանրահավաքին, որ ըստ մարդկանց քանակի ու ստացված ազդակների, վերջնականացնեն իրենց մոտեցումները ոչ միայն բնակարանային, այլև՝ արցախցիներին առնչվող այլ ծրագրերի մասով: Ուստի, վճռորոշ միջոցառում է այսօր արցախցիների համար, որից էլ կախված կլինեն հաջորդ զարգացումները:

Ի դեպ, թեև իշխանությունները փորձում են ներքաղաքական «պիտակ» կպցնել այս շարժմանը, բայց, մեր տեղեկություններով, նախաձեռնության բոլոր անդամները հենց սկզբից պայմանավորվել են, որ այն պահելու են լրիվ հեռու հայաստանյան ներքաղաքական գործընթացներից և զբաղվելու են բացառապես Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ ու կարիքների ապահովմամբ: Բացի դրանից, նախաձեռնության մեջ հստակ դիրքորոշում կա, որ իրենց գործողություններով չպետք է նպաստեն հայ ժողովրդի մեջ պառակտման ու Արցախի Հանրապետության պետական մարմինների չեզոքացման ջանքերին, ինչի ուղղությամբ հետևողականորեն աշխատում են հայրենի իշխանությունները»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորներից շատերի կարծիքով՝  Տավուշից Ադրբեջանին տարածքներ հանձնելու գործընթացը Նիկոլ Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի հնարավորինս սեղմ ժամկետում` արագությամբ։

Նրանք դա հասկացել են Փաշինյանի «նեղ կռուգից» ստացված կցկտուր տեղեկատվությունից։ Դեռեւս երկու ամիս առաջ Անվտանգության խորհրդի նիստերից մեկի ժամանակ Փաշինյանն «ավետել» է, որ պատրաստվեն առաջիկայում չորս գյուղերն Ադրբեջանին հանձնելուն։ Ներկաներից շատերը նույնիսկ չեն էլ հավատացել, որ այսքանից հետո վարչապետը որոշել է նման բեռ վերցնել ուսերին` նախորդ հանձնածները դեռ չմարսած:

Փաշինյանի երեկվա պահվածքից եւ Տիկտոկում հանդես գալուց հետո ակնհայտ դարձավ, որ գյուղացիներին տված խոստումը, թե` կմտածեմ, կպատասխանեմ ձեզ, հերթական սուտն է: Նա տիկտոկյան հարթակով արդեն սպառնում էր՝ եթե չտանք, պատերազմ կլինի։

Ի դեպ, երեկ վաղ առավոտյան մեզ լուրեր հասան, որ երկու ավտոբուս ոստիկանական զորք է ուղարկել Տավուշ, որտեղ նախօրեին հայտարարել էին, թե բողոքի ակցիա են անելու, ճանապարհ են փակելու։ Բայց, մեր աղբյուրի պատմելով, ոստիկանները Ոսկեպարում եղել են շատ կարճ ժամանակով` գյուղացիները նկատել եւ աղմուկ են բարձրացրել, նրանք նստել են ավտոբուսն ու հեռացել։

Իսկ բողոքի ակցիան հետաձգվել է Ոսկեպարում բնակիչներից մեկի թաղման պատճառով։ Ի դեպ, Փաշինյանը տավուշցիների հետ հանդիպմանն իր հետ տարել էր նաեւ ՆԳՆ նախարար, իջեւանցի Վահե Ղազարյանին, որ վախի մթնոլորտ ստեղծի եւ հասկացնի, որ անհնազանդները պատժվելու են։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը կրկին անհարմար դրության մեջ է դրել իր թիմակիցներին. ՔՊ-ականները չգիտեն՝ ինչ խոսել: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արված վերջին հայտարարություններից հետո ՔՊ-ականները փակուղում են հայտնվել, չգիտեն՝ ինչ խոսել, ինչպես մեկնաբանել իրենց ղեկավարի հերթական աղմկահարույց հայտարարությունները: Չնայած իշխանությունները մինչ այս ամեն կերպ հերքում էին, թե Հայաստանը նոր տարածքներ է հանձնելու, ու վստահեցնում էին, որ նոր զիջումներ չեն լինելու, բայց երկուշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը Տավուշ կատարած այցի ժամանակ հաստատեց, որ սահմանազատում եւ սահմանագծում է իրականացվելու Տավուշում:

«Մենք տեսնում ենք, որ սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց սկսելու իրական հնարավորությունը կարող ենք իրականացնել Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում», – նշել էր նա։

Ավելին՝ ինչպես լրատվամիջոցների հետ զրույցում հանդիպման մասնակից քաղաքացիներն էին «գաղտնազերծել», Փաշինյանը հերթական անգամ վախեցրել է տեղացիներին, թե եթե զիջումների չգնանք, Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու: Իհարկե, բնակիչները խայտառակ վատ են խոսել Փաշինյանի հետ, իրենց խոսքերով՝ «ցեխն են թաթախել ու հանել»:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, իհարկե, դռնփակ նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը թիմակիցներին ասել է, որ պետք է աշխատեն մարդկանց հետ եւ բացատրեն, որ սահմանազատումը ենթադրելու է որոշ տարածքների հանձնում, բայց, ամեն դեպքում, ՔՊ թիմում միայն հաշված թվով մարդիկ են տիրապետում իրական վիճակին: Սրա մասին վկայում է նաեւ իշխանական պատգամավորների խուճապահար պահվածքը. երբ լրագրողները նրանց մոտենում եւ մեկնաբանություն էին ցանկանում Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունների վերաբերյալ, նրանք, մեղմ ասած, փախչում էին, որպեսզի խուսափեն իրենց ուղղված հարցերին պատասխանելուց: Նրանք բոլորը հավաքական իմաստով ոչ միայն պատասխանատու են այս իրավիճակի համար, այլեւ ուղղակի երկրի հանձնման գործընթացին մասնակից են՝ անկախ իրենց իմացությունից»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գրել էինք, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների՝ Բաքվի ԶԼՄ-ներին տված եւ դեռ չհեռարձակված հարցազրույցը մտահոգություն է առաջացրել արցախյան շրջանակներում։ Խոսքը ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանի եւ Արայիկ Հարությունյանի մասին է, որոնց հարցազրույցները, ըստ անոնսի, կհրապարակվեն մարտի 28-ին։

Արցախցի մի պաշտոնյա պատմեց, թե որոշ խողովակներով իմացել են, որ Ադրբեջանը ճնշման ներքո նրանց պարտադրել է անել հայտարարություններ, որ իրենք առաջնային պատասխանատվություն չեն ունեցել Ադրբեջանի դեմ  ռազմական գործողությունների ժամանակ, որ ՊԲ կառուցակարգերն այնպիսին են եղել, որ ենթարկվել են ՀՀ զինված ուժերին եւ այլն, ինչով Ադրբեջանը փորձելու է լեգիտիմ հիմք ստանալ ՀՀ-ի դեմ հարձակումների համար։

Արցախյան շրջանակներում կասկած չունեն, որ իրավիճակից օգտվելու է նաեւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, այդ հարցազրույցներից հետո հակաարցախյան նոր արշավ է սկսելու եւ առաջիկա հնարավոր զարգացումների մեղքը դնելու է նրանց վրա` խորացնելով հայաստանցի-արցախցի պառակտումը։

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշ վերջին այցն իրականում մեկ նպատակ է հետապնդել՝ վախեցնել մարզի բնակիչներին ու պատերազմի սպառնալիքի ներքո նոր զիջումների պատրաստել քաղաքացիներին:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երկուշաբթի օրը՝ Փաշինյանի՝ Տավուշ այցից հետո, մարզում խուճապային տրամադրություններ են առաջացել: Բանն այն է, որ Փաշինյանը քաղաքացիներին վախեցրել է՝ եթե Ադրբեջանի պահանջած գյուղերը չտանք, ապա Ադրբեջանը Ոսկեպարի կողմից է հարձակվելու Հայաստանի վրա, Թուրքիան՝ Արմավիրի: Ասել է նաեւ, թե մեր բանակը ունակ չէ պայքարելու թուրքական բանակի դեմ, այսինքն՝ Փաշինյանի ասածն այն է, որ պետք է կատարենք թշնամու բոլոր ցանկությունները, որպեսզի պատերազմ չլինի: Իսկ թե դրա արդյունքում հայրենիքի մնացորդից էլ ինչ կմնա, պարզ չէ: Ահա այս հայտարարությունները լուրջ անհանգստություններ են առաջացրել տեղացիների մոտ:

Այսինքն՝ ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը ծրագրված գնացել է Տավուշ, որպեսզի կոտրի ու թեւաթափ անի քաղաքացիներին, ու այնպիսի հայտարարություններ է արել, որ նրանք նոր պատերազմի սպառնալիքի ներքո համաձայնեն նոր զիջումներին, ու բողոքի ալիք չբարձրանա: Ողջ նպատակն այն է, որ մարդիկ չբողոքեն, հանրահավաքներ չանեն, եւ իր իշխանությունը չերերա»:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում