ՔՊ-ականները վախենում են մասնակցել պատարագներին․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ականները վախենում են մասնակցել պատարագներին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունները անցել են Արցախի պետական ինստիտուտները ոչնչացնելու պլան Բ-ին, միևնույն ժամանակ առավել սրելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի պետական ինստիտուտները ՀՀ անվտանգությանը սպառնալիք համարող Նիկոլ Փաշինյանը լծվել է այդ ինստիտուտների ոչնչացմանը։ Շաբաթ օրը հաղորդեցին, որ մի խումբ ՔՊ-ականներ այցելել են Արագածոտնի մարզ եւ հանդիպել մարզում ապաստանած արցախցիներին` քննարկել նրանց խնդիրները եւ խոստացել լուծում տալ։ Մեր աղբյուրները վստահեցնում են, որ մի քանի տասնյակ մարդու մեջ մեկ ձեռքի վրա հաշված արցախցիներ կային հանդիպմանը, սակայն խնդիրը դա էլ չէ․ նման հանդիպումներով իշխանությունն ուզում է վերջնականապես տապանաքար դնել Արցախի պետական ինստիտուտների վրա՝ ցույց տալով, որ իրենք ուղիղ շփումներով են արցախցիների խնդիրները լուծում, այլ ոչ թե արցախյան որեւէ գերատեսչության կամ պաշտոնյայի միջոցով:

Այսինքն՝ Արցախի պետական կառույցների ո՛չ անհրաժեշտությունը կա, ո՛չ իմաստը։ Մի բան, որ առաջարկում էր Սամվել Բաբայանը` Արցախի հանձնումից հետո. նա Փաշինյանին համոզում էր ՀԿ-ի կարգավիճակով մի կառույց ձեւավորել, իրեն նշանակել ղեկավար, որ զբաղվեր արցախցիների խնդիրներով՝ փաստացի դառնալով արցախցիների ղեկավարը։

Ի դեպ, Արցախի մի խումբ ՀԿ-ների ակտիվությունն էլ է դրան միտված, խոսքն Արտակ Բեգլարյանի եւ այլոց ՀԿ-ների ու ակցիաների մասին է, որով փորձում էին արցախցիների թեման վերցնել իրենց ձեռքը: Սակայն առաջին հանրահավաքը տպավորիչ չէր, ուստի անցան պլան Բ-ին՝ ուղիղ շփումներին արցախցիների հետ:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Երեկ քպական պատգամավորներից մեկը նորից մեղադրանքներ է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ փաստացի շարունակելով Նիկոլ Փաշինյանի քարոզչական թեզերը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր հերթին նշել էր. «Այսօր մենք Ռուսաստանի հետ նույն լեզվով չենք խոսում. այն խնդիրները, որոնք կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, անհնար է թաքցնել»։ Սա արդեն նորություն չէ. գրեթե ամենօրյա ռեժիմով քպականներից ոմանք փորձում են հանրությանը համոզել, որ «ամեն ինչում ռուսներն են մեղավոր»:

Ավելին, քպականների ու հենց Նիկոլ Փաշինյանի՝ վերջին օրերի ու հատկապես երեկվա հայտարարություններից տպավորություն է, որ հանրության վրա «վախ ծախելուն» զուգահեռ հիմքեր են ստեղծում այդ «վախի» հնարավոր «առարկան» հետագայում ռուսների «գրպանը գցելու» համար: Սակայն, ինչպես երևում է, Հայաստանի օրվա իշխանություններն իրենց հակառուսական քաղաքականության մեջ միայն հայտարարություններով չեն սահմանափակվում: Կան տեղեկություններ, որ գարնանից սկսվել են ռուսներին «նեղելու» գործողություններ, ընդ որում՝ տարբեր ուղղություններով։ Խոսքը թե՛ ռուսական զինված կոնտինգենտի, թե՛ այլ մասնագետների նկատմամբ կատարվող քայլերի մասին է։

Օրինակ՝ մեր աղբյուրները փոխանցում են, որ ՌԴ-ի զինված ուժերի հայաստանյան ծառայողներից մեկի բնակարանում վերջերս խուզարկություն է իրականացվել, բայց այդպես էլ ոչինչ չի հայտնաբերվել: Սակայն ուշագրավ է, որ, մեր տեղեկություններով, 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը տեղյակ չի պահվել այդ մասին, ինչը, մեր զրուցակիցներից մեկի խոսքերով, պարտադիր պայման է։ Կան նաև տեղեկություններ, որ ինչ-որ «ժանգլ յորություններ» են արվել ռազմաբազայի զինվորականների ընտանիքների, երեխաների՝ բժշկական ծառայություններից օգտվելու ցանկերի հետ կապված։ Ու սրանք միայն մի քանի օրինակներ են: Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս և այլ դեպքերի հետ կապված Ռուսաստանում հստակ միտում են տեսնում, քանի որ նախկինում երբևէ այդ կարգի միջադեպեր չեն եղել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ապրիլի 5-ին Բրյուսելում սպասվող եռակողմ հանդիպմանը ՌԴ-ն բավականին կոշտ արձագանքեց։ Հայկական կողմն էլ սուր պատասխանեց։ Այդ «պատասխանատու գործը» կարծես վստահվել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին: Ժամանակին ռուսական շրջանակների կողմից ընդունելի այս գործիչն այնքան հեռուն է գնացել, որ Հ1-ի եթերում օրերս ասաց, թե Ռուսաստանը խնդիր է դրել «ծնկի բերել» մեր պետականությունը, որ ՌԴ-ն է թույլ տվել Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա, Արցախը հանձնել եւ այլն:

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինն այդ ամենը որակեց սուտ։ Փաշինյանը փորձում է Ալեն Սիմոնյանի բերանով վերջակետ դնել մազից կախված հայ-ռուսական հարաբերություններին եւ միանգամից մի քանի նապաստակ է սպանում` Ալեն Սիմոնյանին «փչացնում» է մինչեւ վերջ, զոնդաժ է անում, թե ՌԴ-ն ինչպես կարձագանքի այս հայտարարություններին․ եթե արձագանքը շատ կոշտ լինի, «ժերտվա» կտա ԱԺ նախագահին, թե դա նրա անձնական կարծիքն էր: Եթե շատ կոշտ չլինի, վերջնականապես կթռչի Արեւմուտքի գիրկը՝ այրելով հայ-ռուսական բոլոր կամուրջները:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակի օրը Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցած զատկական պատարագին իշխանական ողջ կաստայից որեւէ պաշտոնյա ներկա չէր, ի տարբերություն անցած տարվա, երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կար։ ՔՊ թիմում այնպիսի ստրկական մթնոլորտ է, որ անգամ որեւէ փոխնախարար չի համարձակվում մասնակցել պատարագին, քանի որ շեֆը խոր ատելություն ունի եկեղեցու առաջնորդի եւ հոգեւոր դասի նկատմամբ։ Փաշինյանն ու թիմակիցները կարծում են, թե Զատկի շնորհավորական ուղերձներով, սաղմոս կարդալով կամ Քրիստոսի հետ համեմատվելով, լրացնում են այդ բացը։

Մարտի 30-ին Արտաշատում կուսակտիվի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է. «Հիսուս Քրիստոսն առաջնորդի իդեալական կերպար է, երբեւէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականը։ Նա երկրագնդի վրա շատ բան է փոխել երբեմն թվացյալ պարտությունից հետո կամ դրա միջոցով: Ես երբեմն այս բանաձեւն ասոցացնում եմ մեր քաղաքական գործունեության եւ մեր կուսակցության հետ: Մեր քաղաքական առաքելությունն էլ բազմիցս մեռել է եւ բազմիցս հառնել է»։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում