Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ առավոտյան մամուլը Times.am-ում

Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պատճառով երեխաների ինքնազգացողությունը վատացել է․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ Նիկոլ Փաշինյանը հարկատուներին հռչակում էր Հայաստանի թիվ մեկ հերոսները, Ազգային ժողովի աշխատակազմն ու պատգամավորներն այդ նույն «հերոսների» հաշվին օգտագործել են 3 մլն 850 հազար դրամի ջուր․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանում ընդդիմության նախաձեռնությամբ նախօրեին տեղի ունեցած փակ նիստի ժամանակ, որի օրակարգում սահմանազատման եւ սահմանագծման հարցերն էին, ընդդիմադիրներն իշխանականներին ներկայացրել են տարբեր տարիներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնեցված իրավական փաստաթղթեր եւ հորդորել՝ դրանցով իրականացնել սահմանագծումը: Դրանցում Փաշինյանի հիշատակած 4 տարածքներից առնվազն 2-ը չեն համարում ադրբեջանական։ Խոսքը 1998-ին կնքված  փաստաթղթի մասին է, որը Հայաստանի կողմից ստորագրել է Կենտկոմի քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը։ Դա Հայաստանի եւ Ադրբեջանի ԽՍՀ-ների միջեւ սահմանների վերաբերյալ համաձայնություն է, որը ստորագրվել է տարբեր գերատեսչությունների տված եզրակացությունների հիման վրա եւ կնքվել Մոսկվայի կողմից:

Փաստաթղթում հստակ ամրագրել են սահմանագծումը, որի մի կետով ասվում է, որ Բաղանիսի եւ Ոսկեպարի սովխոզներին վերադարձվում են համարժեք տարածքներ՝ Ասկիպար գյուղի տների կառուցման համար հատկացված հողերի դիմաց։ Մհեր Գրիգորյանը հավաստիացրել է, որ բոլոր փաստաթղթերը հանձնաժողովներն ուսումնասիրում են, խնդիրն այն է, որ չկա համաձայնություն։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ գրեթե բոլոր գերատեսչությունները հաճախ սնվում, որոշ գերատեսչությունների ղեկավարներ էլ նաեւ նվերներ են գնում, օրինակ, նախարարությունների բյուջեից։ Նվերներին դեռ կանդրադառնանք. բայց այ ամենաուշագրավը պետական կառույցների կենցաղային գնումներն են ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Օրինակ՝ ՀՀ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 1-ին էլեկտրոնային աճուրդով գնել է ըմպելու ջուր՝ 3 մլն 850 հազար դրամի։ Պայմանագրով նախատեսված է 70 հազար շիշ խմելու ջուր առաքել ՀՀ ԱԺ 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կիսամյակներին, ամեն անգամ՝ 15 կամ 20 հազար հատ։

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մեկ անձից գնման եղանակով գնել է «Բյուրեղ» ջուր, որի մեկ հատի արժեքը կազմել է 160 դրամ եւ «Ջերմուկ», որի մեկ հատի արժեքը՝ 180 դրամ։ Ջրերի գնման ընդհանուր արժեքը կազմել է 120 հազար ՀՀ դրամ։ Ջրի հետ մեկտեղ կոմիտեի կարիքների համար գնվել է 30 հատ 100 գրամանոց աղացած սուրճ, որոնցից մեկ փաթեթի արժեքը կազմել է 600 դրամ։ Կոմիտեն այս գնումների համար վճարել է 138 հազար դրամ։
Սպասենք հետագա «կարեւոր» գնումներին։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Եթե մեկնումեկը մտադրվեր մի սպանիչ պամֆլետ գրել փաշինյանական իշխանության «բանակային ռեֆորմների» մասին, ապա հաստատ չէր կարողանա ավելի ծաղրական բան մոգոնել, քան հենց փաշինյանական իշխանությունը: Բանից պարզվեց, որ «հուժկու բարեփոխումները» հանգել են, օրինակ՝ հրամանատարին ողջունելիս «ուռա՜»-ի փոխարեն «կեցցե՜» բացականչելուն: Չնայած, դա առանձնապես չզարմացրեց, որովհետև մենք դեռ երկու ամիս առաջ էինք մեր ընթերցողներին տեղեկացրել, որ Հայաստանի, այսպես ասած, «ՆԱՏՕ-ացման» և «հակառուսաստանացման» ծիրի մեջ նման փոփոխություն են նախատեսել: Եվ ահա, երկու ամիս անց, փաստորեն, նաև պաշտոնապես հաստատվեց նշված տեղեկությունը:

Բայց հարցը նույնիսկ դա չէ: Խնդիրն այն է, որ իրենց այդ «մանր» քայլը իշխանության ներկայացուցիչները փորձում են շեղել այլ ուղղությամբ՝ բերելով զանազան պատճառաբանություններ, թե՝ «ուռա»-ն խորհրդային բանակից է մնացել ու նման բաներ: «Փակագծերում» նշենք, որ մինչև Խորհրդային Միությունը կձևավորվեր, հայկական բանակը, օրինակ՝ «հուռա՜» է բացականչել: Դա նույնիսկ Գարեգին Նժդեհին նվիրված երգում է «ամրագրված», ի դեպ: Այսինքն, եթե «ուռա»-ն սովետական էր, ապա կարելի էր և «հուռա»-ն վերցնել (վերականգնել): Բայց դա էլ մի կողմ:

Վերջիվերջո, բանակի վիճակն ու մարտունակությունը հրամանատարին ողջունելիս արտաբերվող բացականչությամբ չի որոշվում: Դա «մանրուք» է, բայց սատանան էլ, ինչպես հայտնի է, մանրուքների մեջ է: Ինքնին հասկանալի է, որ փաշինյանական «հուժկու բարեփոխումները» հիմնականում բանակը՝ պետականության հիմնական պատվարը վերջնականորեն փլուզելու նպատակ ունի: Այս «ուռա»-«կեցցե»-ն ավելի շուտ դրա խորհրդանշական մասն է: Ինչպես ժամանակին նույն փաշինյանականները «կլուբնիկ-կոտլետով» էին գլուխ գովում, իսկ թե ինչ եղավ հետո, հանրահայտ է: Իսկ առհասարակ, հրամանատարին ողջունելիս որպես ի՞նչ է հնչելու «կեցցե»-ն: Ո՞վ «կեցցե»: Հրամանատա՞րը: Որ՝ ի՞նչ:

Այդ հրամանատարները պիտի զինվորներին ասեն՝ «կեցցես» (կեցցեք), երբ նրանք հստակ կատարում են մարտական առաջադրանքը: Լսեք, իսկ գուցե բացականչեն՝ «ելա՞կ»: Ինչո՞ւ ոչ՝ և՛ հնչեղ է, և՛ հյութեղ, և՛ լրիվ փաշինյանական «գաղափարիզմի» մեջ է: Թեպետ, վերջին տառի որոշակի արտասանության դեպքում կարող է ընկալվել որպես ելնելու կոչ, այսինքն՝ հրաժարականի պահանջ: Չէ՛, «ելակը» հանեցինք: Իսկ գուցե բացականչեն՝ «փա՞ռք»: Ինչո՞ւ ոչ: Չնայած, երևի ամենահարմար տարբերակը «դըմփ-դըմփհու»-ն է…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սերժ Սարգսյանի ղեկավարած  «Պատիվ ունեմ» խմբակցությունը երեկ ԱԺ նիստի մեկնարկից քիչ անց ցուցադրաբար լքեց դահլիճը, երբ ամբիոնին մոտեցավ Նիկոլ Փաշինյանը, որ ներկայացնի կառավարության ծրագիրը: Խմբակցության շարքերում հպարտ մենության մեջ մնացել էր միայն խմբակցության  նախկին անդամ Իշխան Զաքարյանը, ով հազվադեպ է ԱԺ գալիս, քանի որ ամբողջությամբ նվիրվել է Համահայկական խաղերի կազմակերպմանը, որոնք այսուհետ 2 տարին մեկ են կայանալու:

Փոխարենը ԱԺ չի գալիս Գուրգեն Արսենյանը, ով, հիշեցնենք, հակասություններ ունի՝ կապված ՔՊ-ի տնտեսական քաղաքականության հետ, եւ մանդատը վայր դնելու մտադրություն։ Նա տեւական ժամանակ է՝ գտնվում է արտերկրում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 9-ին Երեւան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում արտասովոր խառնաշփոթ է եղել: Բանն այն է, որ դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին, որ նա ներկայանա դատարան՝ իր ծեծի գործով հարցաքննության: Արդյունքում, դատարանում զգուշացրել են, որ Միրզոյանը ներկայանալու է, ու այնտեղ սկսվել է խառնաշփոթ, թե ովքեր կանգնեն մուտքի մոտ, ովքեր որտեղ լինեն, ինչպես դիմավորեն եւ այսպես շարունակ:

Եվ ահա, Միրզոյանը հարցաքննվել է ու պնդել, որ այդ օրը, ով որ եղել է վերոնշյալ հատվածում իրեն ծեծել է:

Հիշեցնենք՝ 2023 հունվարի 17-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արա Բադոյանը, 2020 թվականի պատերազմի դադարեցման գործընթացով պայմանավորված, մի խումբ քաղաքացիների հետ եկել է մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության, Ազգային ժողովի վարչական շենքերի տարածք, դրանց ներսում եւ ՀՀ վարչապետին հատկացված կեցավայրի մոտ մի խումբ քաղաքացիների հետ հրահրել է զանգվածային անկարգություններ: Նույն հաղորդագրության համաձայն՝ միացել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրող զանգվածային անկարգությունների մասնակիցներին, ճեղքելով վերջիններիս շարքերը՝ մոտեցել է արդեն իսկ գետնին ընկած Արարատ Միրզոյանին եւ ոտքով հարվածել է վերջինիս՝ այդկերպ բռնություն գործադրելով նրա նկատմամբ:

Արա Բադոյանի եւ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների կողմից գործադրված բռնության հետեւանքով Արարատ Միրզոյանին պատճառվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ. վերջինս կորցրել էր գիտակցությունը, վնասվել էր նրա աչքը, եւ Միրզոյանին տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Եվ ահա, Արա Բադոյանը կալանավորված է, եւ ուշագրավն այն է, որ նրան մեղադրում են ոչ թե Արարատ Միրզոյանին ծեծելու, այլ ծեծի փորձի մեջ. վերջինս չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի հանձնումը միջազգային հանրության, նախկինների եւ այլոց գրպանը գցելու համար, երեկ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուղղակի խեղաթյուրեց  ԼՂ կարգավորման ողջ պատմությունը։ Երբ ընդդիմադիրները մեղադրեցին, թե խոստացել էիք ԼՂ ինքնորոշման իրավունքն առաջ մղել, այնինչ Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, ապա հանձնվեց թշնամուն, Փաշինյանը դիմեց «կռուտիտների» եւ ասաց, թե կարգավորման պրոցեսում ինքնորոշում ասելով ի սկզբանե նկատի ունեին Ադրբեջանի կազմում ինքնորոշումը։ «Երբ խոսում եք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ես էլի ձեզ խնդրում եմ, կոչ եմ անում՝ գնացեք, վերցրեք նայեք ԵԱՀԿ 1996 թ. դեկտեմբերի լիսաբոնյան գագաթնաժողովը, որտեղ ասվում է, որ ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է պաշտպանվի, եւ ԼՂ-ն պետք է ստանա ինքնավար կարգավիճակ` Ադրբեջանի կազմում։ Այս ֆորմուլան է, որ մեր քաղաքական վերնախավը երկար ժամանակ թաքցրել է Հայաստանի ժողովրդից»,- ասաց նա, ինչին պատգամավոր Արթուր Խաչատրյանն արձագանքեց.

«Այն փաստաթուղթը, որը դուք անձամբ եք հրապարակել Կապանում, գրված է՝ կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ԵԱՀԿ կամ ՄԱԿ հովանու ներքո ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտություն, այսինքն՝ թուրքերն էլ էին գալու 25%-ով, ընդհանուր քվեարկության միջոցով ԼՂ իրավական կարգավիճակը որոշեին` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան: Ադրբեջանի կազմում լինելու մասին որեւէ պնդում չկա»: Եվ կարդաց կազանյան փաստաթուղթը, որտեղ գրված է․ ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում է 1988-ի համամասնությամբ ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը… Ապա նշեց, որ ԼՂ ինքնորոշման արդյունքում ժողովուրդը կարող էր որոշել Զիմբաբվեի մաս դառնալ, բայց տրվում է լայն ընտրություն, եւ դա է ինքնորոշումը:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչ գարունը բացվել է, բավական ակտիվ քննարկվում է այն հարցը, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Քաղաքապետարանն ասում է, թե խոսքը ոչ թե ուղղակի ծառահատման մասին է, այլ գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, այսինքն, կենսունակությունը կորցրած կամ կորցնելու շեմին գտնվող ծառերը փոխարինվում են նոր ծառերով: Այդուամենայնիվ, այս հանգամանքը որոշակի դժգոհություն է առաջ բերել, ավելին՝ օրեր առաջ քաղաքապետարանի առջև նույնիսկ բողոքի ակցիա իրականացվեց: Թե որքանով է արդարացված ծառերի փոխարինման ծրագիրը, մասնագիտական հարց է: Սակայն այս պարագայում աչքի զարնեց այն հանգամանքը, որ թեմայի մասին ծպտում անգամ չհանեցին բնապահպանական որոշ շրջանակներ, որոնք այդքան ակտիվ պայքարում են, օրինակ՝ Հայաստանի հանքարդյունաբերության դեմ:

Ենթադրվում է, որ անաչառ բնապահպանը մշտապես պետք է տարբերակում չդնի բնության պահպանությանն առնչվող թեմաների մեջ: Սակայն ստացվում է, որ առանձին բնապահպաններ տոտալ պայաքար են մղում Հայաստանի տնտեսության ողնաշարը հանդիսացող հանքարդյունաբերության, ի մասնավորի՝ մեր երկրի խոշորագույն հարկատու, խոշոր հարկատուների ցուցակի երկարամյա առաջատար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ: Ընդ որում՝ այն պայմաններում, որ Ադրբեջանը, նպատակ ունենալով վնասել Հայաստանի տնտեսությանը, թե՛ տեղեկատվական հարթակներում, թե՛ միջազգային տարբեր միջոցառումների ժամանակ հարձակումներ է գործում մեր հանքարդյունաբերության վրա:

Ավելին, նրանք հաճախ սիրով հղում են տալիս հայաստանյան նշյալ բնապահպաններին: Այսինքն, ըստ էության, վերջիններս ջուր են լցնում թշնամու ջրաղացին, սակայն ձայն չեն հանում օրվա իշխանությունների կողմից ծառահատման թեմայի մասին: Ընդ որում, էական չէ, թե ինչպիսի կարծիք կարող են հայտնել, գուցե և գովեն: Բայց, ինչպես երևում է, նրանց բացառապես այլ հարցեր են հետաքրքրում…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ խորհրդարանում քննարկվում էր կառավարության հնգամյա ծրագրի 2023-ի վերաբերյալ զեկույցը, որի առիթով առավոտից ԱԺ-ում էին կառավարության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեծ ընդմիջումից հետո վերսկսված նիստի ընթացքում Փաշինյանը որոշեց բարձրանալ լրագրողների օթյակ, որտեղից նիստին հետեւում էին ԱԺ-ում այդ օրը հյուրընկալված՝ մարզերից եկած պատանիները: Մեծաթիվ թիկնազորի ուղեկցությամբ երեխաներին այցելած վարչապետին օթյակից դուրս գալիս շրջապատեցին ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները՝ փորձելով պետության ղեկավարից մի շարք հարցերի պատասխաններ ստանալ։ Ստացվեց այնպես, որ մոտ 1 ժամ  երկու տասնյակ պատանիներ ստիպված փակված մնացին օթյակում, որը փոքրիկ, անօդ տարածք է՝ առանց պատուհանների:

Ընթացքում նրանք մի քանի փորձ արեցին՝ օթյակից հեռանալու, բայց Փաշինյանի «ախրանան» դրսից ամուր փակել էր օթյակի դռները, քանի որ վարչապետը թիկունքով կանգնած էր դռների առաջ։ Բարեբախտաբար, Փաշինյանը ճեպազրույցի կեսից նյարդայնացավ եւ կիսատ թողնելով հարցուպատասխանը՝ հեռացավ: Ավելի ուշ տեղեկացանք, որ օթյակում գտնվող մի քանի պատանիների ինքնազգացողությունը վատացել էր, եւ եթե հարցուպատասխանը երկար ձգվեր, ապա հետեւանքներն ավելի վատ կլինեին։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում