Հրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են նաև Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ Սարոյանը

Հրկիզվել է Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը, որտեղ ամփոփված են նաև Սողոմոն Թեհլերյանն ու Վիլյամ Սարոյանը

Ֆրեզնոյի հայկական գերեզմանատունը կրկին հրկիզել են․ այս տարվա հունվարից ի վեր՝ սա արդեն 6-րդ դեպքն է, որ գերեզմանատան տարածքում գտնվող ծառեր են այրում։ Ինչպես հաղոդում է «Զարթոնք մեդիա»-ն, վերջինը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ ապրիլի 12-ին․ այս անգամ գերեզմանատան մուտքի մոտ գտնվող ութ ծառ է այրվել։

Հրդեհները եղել են գերեզմանոցի ամենահին հատվածում, որը հիմնադրվել է 1885 թվականին: Աղբյուրը նշում է,  որ միջադեպը, ըստ ամենայնի, կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ Ապրիլի 24-ի հետ։

Մտահոգություն հայտնելով կատարվածի կապակցությամբ՝ գերեզմանատան խորհուրդը նշել է, որ միջադեպերը ատելության նպատակաուղղված հանցագործություններ են:

«Սա շատ վրդովեցուցիչ է տնօրենների խորհրդի, հայ համայնքի, իմ անձնակազմի և ինձ համար: Ֆրեզնոյի գերեզմանոցը միակ հայկական գերեզմանոցն է Հայաստանից և Մերձավոր Արևելքից դուրս։ Մեր առաքելությունն է կարեկցանքով ծառայել հայ ընտանիքներին՝ վառ պահելով նաև այստեղ հուղարկավորվախների հիշատակը: Եվ թե՛ Խորհուրդը, թե՛ ես անձամբ և թե՛իմ աշխատակազմը ամենայն լրջությամբ ենք վերաբերվում այս առաքելությանը»,- ասել է գերեզմանատան գործադիր տնօրեն Շերի Մենինգ-Քաթրայթը:

Ֆրեզնո քաղաքի հայկական գերեզմանատանն են հուղարկավորված բազմաթիվ հայ նշանավոր գործիչներ, այդ թվում՝ Սողոմոն Թեհլերյանը, Վիլյամ Սարոյանը, Վիկտոր Մաղաքյանը և ուրիշներ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում