Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել․ առավոտյան մամուլը Times.am-ում

Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել․ առավոտյան մամուլը Times.am-ում

Հայոց ցեղասպանությունն ուրանալու գործընթացը սկսելուն զուգահեռ, ՀՀ իշխանությունները հնարավոր է Մեծ Բրիտանիայից Հայաստան տեղափոխեն հազարավոր անօրինական ներգաղթյալների, դրա դիմաց ակնկալելով 290 միլիոն ֆունտ ստեռլինգ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի կողմից Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցությունների վերաբերյալ: Ըստ բրիտանական պարբերականի հրապարակման, Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին: Խոսքն այն մասին է, որ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը: Լոնդոնն ակնկալում է այս չորս երկրի հետ կնքել Մեծ Բրիտանիայի և Ռուանդայի միջև նախկինում ձեռք բերված համաձայնագրի համարժեքը: Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Այսինքն, եթե Փաշինյանի կառավարությունը նման համաձայնագիր կնքի Մեծ Բրիտանիայի հետ, ապա Հայաստանն արագորեն կվերածվի «ապօրինի ներգաղթյալների» բրիտանական գաղութի: Հնարավոր է՝ Փաշինյանն այդպես ցանկանում է գերակատարել իր ֆանտաստիկ հայտարարություններից մեկը, այն է՝ մինչև 2030 թվականը Հայաստանում 5 միլիոն բնակչություն ապահովելը: Հատկանշական է, որ նույն հրապարակման համաձայն, Էկվադորը, Պարագվայը, Պերուն, Բրազիլիան և Կոլումբիան նշել են, որ քիչ են հետաքրքրված նման ծրագրով, իսկ Մարոկկոն, Թունիսը, Նամիբիան և Գամբիան ակնհայտորեն հրաժարվել են անգամ քննարկել այդ հարցը: Դե, իսկ Հայաստանը… Ի դեպ, երեկ ՀՀ ԱԳՆ-ն հերքումանման մի բան տարածեց: Մասնավորապես, ԱԳՆ խոսնակը ՌԻԱ-Նովոստի ռուսական գործակալությանն ասել է. «Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ բարձրացված հարցի վերաբերյալ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել»:

Հիմա սա հերքո՞ւմ էր, թե՞ հաստատում: Ի՞նչ է նշանակում «լայն օրակարգ կա», բայց այդ հարցով բանակցություններ չեն եղել: Եթե իսկապես ոչ մի նման բան չի եղել, ապա ինչո՞ւ եք այդքան ոլոր-մոլոր հերքում: Կարճ-կոնկրետ ասեիք՝ նման բան չկա, և վերջ: Մինչդեռ, այս տարբերակով ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին: Հետաքրքիր է համանման էլ ի՞նչ խութեր կան դեռ, որ մեր հանրությունը չգիտի… Սա մի տեսակ հիշեցնում է հայտնի սկետչի ձևակերպումը, թե՝ կարող ենք շիրմաքարին գրել՝ «Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ», փողին մուննաթ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր հետ վեճի բռնված քաղաքացուն՝ Սամվել Վարդանյանին պատժելու համար:Այսպիսով, երեկ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությունը մեծ աղմուկ է բարձացրել:

Միջադեպից անմիջապես հետո ArmLur.am-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ մանրամասներ պարզելու, նաեւ հետաքրքրվել էինք նրանից՝ արդյոք պատրաստվում է ոստիկանություն դիմելու եւ քաղաքացուն պատասխանատվության ենթարկելու.«Ո՛չ, նա ո՞վ է, նա ո՞վ է, որ դիմեմ ոստիկանություն» բարկացած նետել էր իշխանական պատգամավորը:

Բայց, ժամեր անց իրավիճակ է փոխվել:Գրեթե բոլոր ՔՊ-ականները, Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ, «խիստ դատապարտեցին» միջադեպը եւ ձեռքի հետ էլ հստակ ուղղորդումներ տվեցին իրավապահներին, որ քաղաքացի Սամվել Վարդանյանին պատասխանատվության ենթարկեն:

Միջադեպին առաջինն արձագանքեց Ալեն Սիմոնյանը.«Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթեւեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որեւէ մեկը չկասկածի»,-տելեգրամի իր ալիքում գրել էր նա:

Այնուհետեւ նրան միացավ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը. «Խստորեն դատապարտում եմ ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ կատարված ակնհայտ խուլիգանությունը: Վստահ եմ` իրավապահ մարմինները րոպե առաջ կգտնեն մեղավորին»:

Ահա իր թիմակիցների բարձրացրած աղմուկից ու ցուցումներից հետո ՔՊ-ական Հակոբ Ասլանյանը, որը սկզբում հարկ չէր համարում դիմել ոստիկանություն, գնացել ու դիմում է ներկայացրել՝ ընդդեմ Սամվել Վարդանյանի, ինչից հետո վերջինս առայժմ 72 ժամով ձերբակալվեց: Այսինքն՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել այս դեպքում, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ. տեսնենք՝ քննությունն ինչ ընթացք կունենա: Համենայնդեպս, քննչական կոմիտեին քաղաքական պատվերը իջել է հրապարակային կերպով:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքը՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով: Հայաստանյան գործարար տիկնանց առաջարկել էին 1 միլիոն դրամ վճարել եւ ընթրել տիկին Հակոբյանի հետ, իսկ հավաքագրված գումարները կուղղվեն մարզերի սկսնակ գործարար կանանց:

Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին, հայտնելով, որ 42 կին գործարար է «մուծվել» վարչապետի կնոջը: Հրապարակված տեսանյութից, սակայն, երեւում է, որ մասնակիցների թիվը հազիվ 40-45 հոգի լինի, որոնց շարքերում ոչ միայն գործարար կանայք, այլև իրենց օգնականները, աշխատակիցները, հարազատները, Աննա Հակոբյանի աշխատակիցները։ Հավաքին ներկա են եղել Սամվել Ալեքսանյանի գերդաստանը՝ կինը` Շողերինան, աղջիկները, քույրը՝ «Աստղիկ» ԲԿ-ի տնօրեն Ասատուր Ասատրյան կինը, MAVI-ի տնօրեն Հասմիկ Ռաշոյանը, «Լարա» շոկոլադի գալերեայի տնօրեն Լաուրա Նահապետյանը, «Դայմոնդ» ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Նարինե Չարչյանը, Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը, «Աննա-թեյ»-ի հիմնադիր Աննա Սահակյանը եւ այլք։ Կանայք ոչ միայն ընթրել են, այլ «տժժացել», պարել, ուրախացել: Ի դեպ, «Արմասին» էլ մեղադրանքներ են ուղղվել այս նախաձեռնության համար, որ աջակցում են հող հանձնող իշխանություններին:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես ոստիկանությունը, վաղուց նորություն չէ: Ըստ էության, այն պայմաններում, երբ 2023 թ. ընթացքում հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 8,1%-ով, ոստիկանությունը փաստացի զբաղված է մեկ անձի պաշտպանությամբ. Նիկոլ Փաշինյանի նույնիսկ ամենափոքր տեղաշարժի դեպքում նրան ուղեկցում են բազմաթիվ ոստիկաններ, ամբողջ ճանապարհին գրեթե յուրաքանչյուր 100 մետրը մեկ կանգնած են ոստիկանական մեքենաներ, ամենափոքր ակցիայի դեպքում ոստիկանների հսկայական քանակ է դուրս բերվում ծառայության, որոնք չեն վարանում բիրտ ուժ կիրառել, մյուս կողմից՝ իրավապահները զբաղված են միայն «մոնիթորինգով», թե ով Փաշինյանի «թանին թթու ասաց»: Ըստ այդմ, երևի թե պատահական չէր կառավարության վերջին նիստում ընդունված որոշումը՝ ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնելու մասին:

Ի մասնավորի, ըստ որոշման, ներքին գործերի նախարարության ոստիկանության զորքերի արտաքին ծառայություն իրականացնող ոստիկանների համար ամսական հավելումը 20 000 դրամից դարձավ 70 000 դրամ: Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ ոստիկանությունում աշխատավարձերը մեր երկրում դասվում են բարձրերի շարքում, ավելին՝ 2018 թվականից ի վեր այս համակարգը համարվում է պետության համար ամենածախսատարներից մեկը, սակայն փաստացի նորից են բարձրացնում:

Փոխարենը կառավարությունը «փող չունի» թոշակ բարձրացնելու համար, այլ կարևոր խնդիրներ լուծելու համար: Ի դեպ, հավելենք, որ ոստիկաններին տրվող բարձր աշխատավարձերի հաշվին էական աճ է գրանցել նաև միջին աշխատավարձը՝ 14,6 տոկոս, ինչը թույլ է տալիս իշխանություններին ցույց տալ, թե իբր երկրում ընդհանրապես եկամուտների աճ է գրանցվել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի պատուհանը պաշտոնապես բացված է։ Բացումն անձամբ իրականացրեց Նիկոլ Փաշինյանը, ով շաբաթ օրը «ՀՀ սոցիալ-հոգեբանությունը» թեմայով դասախոսություն է կարդացել ՔՊ Ժողովրդավարության դպրոցում։

ՔՊ-ական շրջանակներում այլեւս կասկած չունեն, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։ 1 ժամ տեւած դասախոսության գլխավոր ասելիքն այն էր, թե Հայոց ցեղասպանության պահանջատիրության թեման սրել է Ռուսաստանը, ավելի ճիշտ՝ ԽՍՀՄ-ը՝ 1946-ից սկսած, երբ Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները սրվեցին, եւ ստեղծվեց ՆԱՏՕ-ն։ Փաշինյանի խոսքով՝ ՌԴ-ն եղեռնից մազապուրծ գաղթականների վերադարձ կազմակերպեց, որն ավելի սրեց պահանջատիրության հարցը։

Ողջ դասախոսության ընթացքում Փաշինյանը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը, կա՛մ «Մեծ եղեռն», կա՛մ «դժբախտություն», ինչում հայերը մեղադրում էին ԱՄՆ նախագահներին, որոնք ապրիլի 24-ի ուղերձներում խուսափում էին «ցեղասպանություն» ասելուց: Դասախոսությունից 1 օր անց արդեն ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանը շարունակեց Փաշինյանին՝ բացահայտ կասկածի տակ դնելով ցեղասպանության փաստը եւ կոչ անելով ճշտել ու արձանագրել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի անունները։

«Ի վերջո, պետք է ունենալ բոլոր զոհերի ցուցակը: Հանկարծ ավելի կամ պակաս է լինում` 1,5 միլիոնից, ինչպես ընդունված է համարել»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ իր ասածը պարզաբանել է Քոչարյանը։ Նիկոլ Փաշինյանը թերեւս հող է նախապատրաստում՝ մի քանի օր անց ցեղասպանության տարելիցի օրն աշխարհացունց ուղերձ հրապարակելու համար, որով, հավանաբար, կուրանա հայոց պատմության այս մի էջը նույնպես՝ փորձելով բավարարել թշնամու հերթական պահանջը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում