Առողջապահական համակարգում քաոս է, պետպատվերները կասեցվել են․ առավոտյան մամուլը Times.am-ում

Առողջապահական համակարգում քաոս է, պետպատվերները կասեցվել են․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ Հայաստանը կանգնած է հերթական տարածքային կորուստների եզրին, պետբյուջեից միլիոններ են տրամադրվում «Քաղաքացու օրը» նշելու համար․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի կառավարությանը եւ տարբեր պատրվակներով հրաժարվում են հանդիպել նրանց հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի բռնի տեղահանումից եւ Հայաստան տեղափոխվելուց հետո՝ Արցախի իշխանությունները պարբերաբար փորձել են կապ հաստատել հայաստանյան իշխանությունների հետ եւ հանդիպումներ նախաձեռնել՝ ի վերջո հասկանալու՝ ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, բռնի տեղահանված քաղաքացիներին, արդյոք Արցախի մասով բանակցություններ վարելու ռեսուրս կա: Սակայն, ՀՀ իշխանությունները ամեն անգամ տարբեր պատճառաբանություններով մերժել են մի սեղանի շուրջ նստելու ու խոսելու առաջարկները:

Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից են եղել՝ Սամվել Շահրամանյանն իր հերթին է դիմել ՀՀ իշխանություններին, Արցախի ԱԺ նախագահի (նախագահը՝ Բաքվի բանտում է) տեղակալ Գագիկ Բաղունցն իր հերթին է դիմել Ալեն Սիմոնյանին, Արցախի պատգամավորներն էլ եւս փորձեր արել են, սակայն հայաստանյան իշխանությունները, հավանաբար ասելիք չունենալու պատճառով, մերժել են Արցախից տեղահանված իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկները:

Թերեւս, սա ՔՊ-ականների դեպքում ինչ-որ չափով հասկանալի է. իսկ ի՞նչ պետք է նրանք ասեն արցախցիներին, եթե ոչ միայն փակ են համարում այլեւս Արցախի թեման, այլ նաեւ Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Հայաստանի համար ու հիմա էլ փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին, որ Փաշինյանը հետ է կանգնել միակողմանի զիջումների մտքից եւ ասել, որ տեղի է ունենալու տարածքների փոխանակում՝ Բերքաբերից Բաղանիս հատվածի հեկտարները փոխանակելու են Ներքին Ոսկեպարի տարածքներով։ Բանն այն է, որ Տավուշի 4 տարածքների հանձնման թեմայով ՔՊ-ում շաբաթներ առաջ բուռն քննարկում էր եղել, փակ նիստում Փաշինյանը հայտնել էր, որ ձեւ չունեն չտալու` Ադրբեջանը պատերազմ կսկսի:

Ոմանք հակադրվել են, թե ինչ-որ կետում պե՞տք է Ադրբեջանին «չէ» ասենք, Տավուշն ամենաճիշտ տեղն է, որովհետեւ փախստականների վերադարձին ընդվզելը կնշանակի ընդդիմանալ միջազգային պայմանագրերին, իսկ սա միջազգային հանրության համար կլինի ընդունելի՝ կենսական նշանակության տարածքները չենք կարող զիջել, ողջ մարզը կդնենք ադրբեջանական վերահսկողության տակ: Սակայն Փաշինյանն անդրդվելի է մնացել՝ ասելով, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի նախարարության «արահետով», չի դադարում ուշադրության կենտրոնում մնալուց։

Լուրերը, թե առողջապահության նախարարությունում քննչական գործողությունները իրականացվել են կեղծ դեղերի եւ պետպատվերների տրամադրման պատճառով, ավելի խոր արմատներ են գցում։

«Ժողովուրդ» օրաթերթը օրվա ընթացքում 4-5 զանգեր է ստացել, եւ ահազանգերի պատճառը մեկն էր՝ պետպատվերների չեղարկումը:

Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները եւ հորդորում սպասել։

Հարցն այն է, որ կա հրատապության եւ առաջնահերթության խնդիր. հիվանդները սպասել չեն կարող, այդ գումարից է կախված սեփական կյանքն ու առողջությունը։

Ահազանգին ընթացք տալով՝ փորձեցինք առողջապահության նախարարությունից ստանալ համապատասխան մեկնաբանությունը, որի մասով էլ մեզ արձագանքեցին, թե տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։

«Նման բան չկա։ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2344-Ն որոշման համաձայն՝ այս տարվա հունվարի 1-ից փորձարարական եղանակով, 6 ամիս ժամկետով պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով փոխհատուցվող 43 միջոցառումներից/ենթամիջոցառումներից 2-ը՝ «Արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ 18 տարեկանից բարձր-1306» եւ «Վերականգնողական բժշկական օգնություն-1327», համաձայն ՀՀ կառավարության՝ 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման հավելված 4-ի 3-րդ կետի 1-ին ենթակետի՝ սույն թվականի ապրիլի 17-ից սկսած իրականացվում են հերթագրման սկզբունքով՝ նույն հավելվածով սահմանված կարգով եւ առողջապահության նախարարի կողմից հաստատված ընթացակարգով։

Պետական պատվերի շրջանակներում իրականացվող բժշկական օգնությունը եւ սպասարկումը մնացած 41 միջոցառումներով/ենթամիջոցառումներով շարունակվում է իրականացվել պայմանագրային գումարի չսահմանափակման (օֆերտայի) սկզբունքով»,- փոխանցեցին նախարարությունից։

Օֆերտայի ձախողման մասին՝ մեր մյուս հրապարակման մեջ»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթև գրում է․ Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաեւ Եվրասիական տնտեսական միության 10-ամյակն է, որտեղ նախագահում է Հայաստանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը, մայիսի 9-ին՝ ավանդական հաղթական շքերթը։

Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ կառավարությունը չի գաղտնազերծում՝ մի անհեթեթ միտք արտաբերելով. «Բոլոր այցերի վերաբերյալ ՀՀ վարչապետի աշխատակազմը ժամանակին տրամադրում է պատշաճ տեղեկատվություն»։

ՔՊ-ական շրջանակներում, սակայն, խոսում են, որ Փաշինյանը թերեւս կմասնակցի ե՛ւ երդմնակալությանը, ե՛ւ ԵԱՏՄ-ի հոբելյանական գագաթնաժողովին, սակայն «պառադին» հնարավոր է չմասնակցի, բայց դա էլ դեռ վերջնական չէ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։ Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարեվերջին Ավանեսյանը Փաշինյանին վստահեցրել էր, թե պետական պատվերով ծառայությունների մասով սկսել է գործել չսահմանափակվող բյուջեով ՕՖԵՐՏԱՅԻ պայմանագիրը։ Իրականում, այդ ժամանակ օֆերտա չկար, բայց հայտարարությունից հետո ստիպված եղան որոշ ժամանակ անցում կատարել օֆերտայի։ Եվ ընդամենը երեք ամիս է, ինչ տարին սկսել է, բայց պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել եւ սպառվել է։ Ավանեսյանը կառավարության նիստից հետո խոստովանել էր, որ հավելյալ միջոցների կարիք կա, պետք է հերթագրման համակարգ գործի։ Մեզ հայտնի դարձավ, որ այս հայտարարությունից հետո արդեն սահմանափակումները գործարկվել են, ընդ որում՝ սահմանափակումները սկսել են ներմուծվել «շուստրի» եղանակով. օրինակ՝ սկզբից՝ սկսել է Armed ծրագիրը «կախել», ոչ լիարժեք կերպով աշխատել, եւ բուժհաստատությունները չէին կարողանում որեւէ հայտ բացել, որեւէ այց գրանցել, իսկ հետո՝ արդեն շատ կոնկրետ սկսել են գործել սահմանափակումներ՝ դժվարամատչելի ծառայությունների մասով։

Սա լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել բուժհաստատություններին, քանի որ բուժայցելուներին արդեն կանչել են, հետազոտությունները, վիրահատությունները պլանավորել, իսկ այժմ ստիպված են նրանց ուղարկել տուն, եւ կրկին հերթագրում իրականացնել։ Երեկվանից բուժհաստատություններում քաոս է»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի եւս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իր վարչապետ դառնալը հավերժացնող Քաղաքացու օրը։ Հիշեցնենք, որ այդ հորինված տոնը, եկեղեցական տոների նմանությամբ, շարժական է` նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը, այս տարի նշվելու է ապրիլի 27-ին։ Միջոցառման կազմակերպման համար արդեն իսկ պետական բյուջեից հատկացվել է 19 մլն 500 հազար դրամ։ Այս գումարի շրջանակներում միջոցառման կազմակերպիչն է «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ն, որը Երեւանի վարչական շրջաններում եւ ՀՀ համայնքներում պետք է քննարկումներ կազմակերպի։ Քննարկումները վարելու են հատուկ բանախոսները, որոնք, ինչպես անցած տարի, ՔՊ-ական պաշտոնյաներն ու կուսակցական գործիչներն են, իշխանամետ արվեստագետներն ու նիկոլական մտավորականները, որոնց ցանկը կազմելու է կառավարությունը։

Միջոցառումներն անցկացվելու են ժամը 11-16։00-ն։ Ինչ վերաբերում է կազմակերպիչ «Գլոբալ սուփորթ» ՍՊԸ-ին, ապա այս ընկերությունը կառավարության գործընկերն է դարձել 2022 թվականին, թեեւ ստեղծվել է 2018-ին: 2 տարում այս ընկերությունից արդեն 6 գնում է կատարվել, գնորդներն են Երեւանի քաղաքապետարանը, ԿԳՄՍՆ-ն, Իջեւանի համայնքապետարանը եւ այլն։ Ընկերության տնօրենը Լեւոն Ամիրզյանն է:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում