Փաշինյանական «ագիտպրոպը» թիրախավորել է Բագրատ սրբազանին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Փաշինյանական «ագիտպրոպը» թիրախավորել է Բագրատ սրբազանին․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ըստ տեղեկությունների՝ Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդին ՈՒԱԶ-ով «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը գործել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հրահանգով․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` 36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով ուշագրավ զարգացումներ են տեղի ունեցել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր։ Մասնավորապես` ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։

Դատավորի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով դիմեցինք ԲԴԽ, որտեղից, ի պատասխան, չմեկնաբանեցին, եւ հորդորեցին դիմել իրավապահներին, քանի որ հարցը նրանց տիրույթում է:

Իսկ ահա, նախաքննական մարմնից մեզ հայտնեցին, որ հարցաքննված անձանց վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, եւ ժամը 07:15-ից մինչեւ 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցրել են նշված ավտոմեքենան: Կանգնեցնելուց հետո ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով եւ դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրեւ ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ, եւ ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառմամբ բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու եւ նրանց ձերբակալելու պատրվակով ձեռքերին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները եւ 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով, նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել եւ ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենան ուղղակի մաղձ է թափում բոլոր հնարավոր ու անհնար հարթակներում ու տարբերակներով: Ապատեղեկատվություն, կեղծիք, հնարովի մեղադրանքներ, զազրախոսություն, թիրախավորված վարկաբեկիչ պիտակումներ: Ստապատիր քարոզչությունը կանգ չի առնում ոչ մի բանի առաջ՝ առաջնորդվելով «նպատակն արդարացնում է միջոցները» մոտեցմամբ: Չնայած օրինակների պակաս չկա, բայց այս օրերի ամենից ցայտուն դրսևորումն արձանագրվեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ:

Փաշինյանական «ագիտպրոպն» ուղիղ կերպով թիրախավորել է սրբազանին: Պատճառն ակնհայտ է. Բագրատ սրբազանը կանգնած է տարածքներ հանձնելու իշխանության որոշմանը, ընդհանրապես՝ այս իշխանությունների հանձնողականությանն ընդդիմացող հայրենակիցների առաջին շարքում: Սա նորություն չէ. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թե՛ քարոզչական դաշտում, թե՛ ամբողջ ռեպրեսիվ մեքենայով, ներառյալ կամակատար իրավապահներին ու զանազան սադրիչներին, ամենօրյա ռեժիմով ինտենսիվորեն պայքարում է բոլոր նրանց դեմ, ովքեր դեմ են պարտվողականությանը, թշնամուն արվող միակողմանի զիջումներին և կրում են ազգային արժեքներ:

Ստեղծվել է մի իրավիճակ, երբ իշխանությունը ներկայացնող անհայրենիքներն ուղիղ ու բացահայտորեն դուրս են եկել Հայրենիքի դեմ, հանուն… հայրենազրկության: Դատելով կոնկրետ Ոսկեպար-Կիրանց-Բաղանիս հատվածում ծավալվող դիմադրությունից՝ «ներքևներն» այլևս չեն հանդուրժում դա: Տավուշը կարող է լինել նոր սկզբի… մեկնարկը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ Տավուշում իրավիճակը լարված է, եւ քաղաքացիները պայքարում են իրենց հող ու ջրի համար, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, այս իրավիճակին զուգահեռ, դատախազությունում կադրային փոփոխությունների մասին է հայտարարում, եւ ըստ հայտարարության՝ պաշտոնից ազատում է Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանին։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Տավուշի դատախազ Գոռ Ալոյանը ինքն է անձամբ դիմում գրել հեռանալու համար՝ այլ ուժային կառույցում աշխատելու նպատակով, սակայն, այս իրավիճակում ուշագրավն այն է, որ Գոռ Ալոյանը Տավուշի դատախազի պաշտոնը լքում է Տավուշի համար ճակատագրական պահին:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունն արդեն մի քանի օր է՝ Տավուշի Կիրանց, Ոսկեպար գյուղերում սադրիչների է գործի դրել, փորձում է խժդժություններ հրահրել, պառակտել շարժումը, հուսահատեցնել մարդկանց: Նախօրեին Բագրատաշենի ճանապարհը փակած ժողովրդի վրա ՈՒԱԶ-ը քշելու եւ «ճզմելու» հրահանգ տված Տավուշի ԵԿՄ նախագահ Յուրիկ Նարիմանի Հարությունյանը, ըստ տավուշցիների, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մտերիմն է եւ հենց նրա հրահանգով է գործել։ Արդյունքում վեճ էր բորբոքվել, եւ վնասվել էր մեքենան, սակայն բերման էին ենթարկվել խաղաղ ցուցարարներ, «Մարտական եղբայրության» 7 անդամ, որոնցից 3-ը դեպքի վայրում անգամ չեն եղել։

Տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո՛չ Յուրիկի սադրանքները, ո՛չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը. մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ինքնությունը։ Պատմում են, որ յուրիկների պակաս «դեպքի վայրում» չի զգացվում` մեկը տավուշցիներին փորձում է համոզել, որ Նիկոլն իրականում չի հանձնում, քաղաքից եկածներն են ուզում Նիկոլի դեմ նրանց տրամադրել, երրորդը սադրում է, վեճ է հրահրում ակտիվիստների հետ, տեղի ոստիկաններն են ակտիվ գործի անցել: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հայրենի Տավուշում կիրառում է «Բաժանիր, որ տիրես» մարտավարությունը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սահմանագծման-սահմանազատման համար կողմերը տեւական ժամանակ երեք տարբերակ են քննարկել, եւ իբր ընտրվել է միջինը՝ ո՛չ վատթարագույնը, ո՛չ լավագույնը՝ ՀՀ շահի տեսանկյունից։ Լավագույն տարբերակն այն էր, որ գործընթացը կյանքի կոչվեր փոխզիջման տարբերակով՝ «Ադրբեջանինը՝ Ադրբեջանին, մերը` մեզ» սկզբունքով: Այսինքն, վերադառնայինք 1991թ. սահմաններին. մենք ադրբեջանական տարածքները վերադարձնեինք, որոնք 90-ականների պատերազմի ընթացքում հայտնվել են հայկական վերահսկողության տակ, իրենք էլ հայկական հողերը տային:

Բնականաբար, Ալիեւն այս տարբերակին չի համաձայնել: Հայաստանն էլ մեծ հաջողություն է համարել, որ չեն կանգնել վատագույն տարբերակի վրա, համաձայն որի՝ Ադրբեջանն առաջարկել է Տավուշի 4 բնակավայրերն անհապաղ վերադարձնել իրեն, հետո առանձին-առանձին քննարկել Ջերմուկի, Գեղարքունիքի, Սյունիքի եւ մյուս մարզերի սահմանները: Ընտրվել է երրորդ տարբերակը՝ միջպետական սահմանը գծել Ալմա-Աթայի հռչակագրով, որտեղ, ի դեպ, ոչ մի պետության սահմանները նշված չեն։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մինչ Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղերի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանն ԱՄՆ գործուղման է մեկնել։ Աղաբաբյանի եղբայրը՝ գրող, հրապարակախոս Աշոտ Աղաբաբյանը, մեզ հետ զրույցում ասաց. «ԱՄՆ է մեկնել ապրիլի 16-ին՝ 2 շաբաթով։ Գործուղում է, Նոյեմբերյանի տնտեսական զարգացման ծրագրով է գնացել։ Գլենդելի քաղաքապետի, հյուպատոսի, թեմի առաջնորդի հետ են հանդիպելու։ Տավուշյան այս դեպքերից առաջ է գնացել»: Իսկ հնարավո՞ր է, որ ավելի շուտ վերադառնա՝ հաշվի առնելով, որ իր համայնքում լարված իրավիճակ է։ «Չեմ կարող ասել, Ամերիկան է կազմակերպել»։

Այս օրերին տավուշցիների հետ պայքարող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տարակուսում է Նոյեմբերյանի համայնքապետի պահվածքից. «Ինքը պիտի հստակ դիրքորոշում հայտնի։ Մինչեւ այս պահն ընդամենը կցկտուր բաներ է մեզ ասել»։ Չնայած Աղաբաբյանին պինդ, իր հողին նվիրված մարդ են համարում, բայց այս լարված պահին ԱՄՆ մեկնելը շատերը չեն ընկալում: «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Աղաբաբյանն ԱՄՆ է մեկնել մինչեւ Տավուշի այս դեպքերը, եւ շեշտում է՝ Աղաբաբյանը հայտնել է դիրքորոշում, վերադառնալուն պես էլ կանգնելու է տավուշցիների կողքին։ Մինչդեռ Նոյեմբերյանի համայնքապետը «հորիզոնից» դուրս եկավ մարտի 12-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Տավուշի մարզից այս տարածքները հանձնվելու են Ադրբեջանին։ Մենք մի քանի անգամ փորձել ենք մեկնաբանություն ստանալ նրանից՝ ապարդյուն։ Նա մեկնել է ԱՄՆ՝ Նիկոլ Փաշինյանի` Տավուշ այցից մոտ մեկ ամիս անց, երբ արդեն երեւում էր դեպքերի ընթացքը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում