Իշխանությունների հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունների հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Օրակարգային հաջորդ հարցը կլինի Տիգրանաշենի հանձնումը և ադրբեջանցի «փախստականների» վերադարձով կմերկարկի աղետի վերջնական փուլը ․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել։

Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ Ավագյանը նշանակվել է քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ՝ ազատվելով ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության՝ Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի պետի տեղակալի պաշտոնից:
Նկատենք, որ Ավագյանը անձամբ ղեկավարել է 36 կգ ոսկու հափշտակման քրեական գործը եւ, ըստ էության, ավազակային հարձակման առեղծվածի հետք վրա դուրս գալը ճակատագրական եղավ քննիչ Ավագյանի համար, ու նրան նշանակեցին Աբովյան քաղաքի քննչական բաժնի պետ»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները, ավելի լավ է գործել՝ ելնելով ներկայիս ժամանակի իրողություններից», –  Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ երեկ հայտարարել է Թուրքիայի նախագահը Էրդողանը՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Թուրքիայի նախագահի հայտարարություններից հետո Հայաստանի հասարակական-քաղաքական շրջանակներում երեկվանից տագնապալից սպասումներ են ձեւավորվել Փաշինյանի այսօրվա` ապրիլի 24-ի ուղերձի վերաբերյալ։ Մեծ մասի կարծիքով Փաշինյանը «կընդառաջի» Էրդողանի առաջարկին՝ «անհիմն հիշողությունները» դեն նետելու մեսիջներ հղելով եւ հանդես գալով ցեղասպանության ճանաչման գործընթացին անդառնալի հարված հասցնող ուղերձով, հատկապես որ իշխանությունները փորձում են հանրությանը համոզել, որ դեռ պետք է համոզվել ցեղասպանության իրողության հարցում` անուն առ անուն ճշտել 1.5 միլիոն զոհերին։

Նշենք, որ երիտքպականների մոտ վերջերս դասախոսություն կարդալիս Փաշինյանը համառորեն չէր օգտագործում ցեղասպանություն բառը՝ այն փոխարինելով Մեծ եղեռնով, եւ այս տենդենցը նկատելի է նաեւ պետական գրեթե բոլոր հաստատությունների կողմից: Դիցուք՝ Երեւանի Մետրոպոլիտենը. ապրիլքսանչորսյան աշխատանքային գրաֆիկը հրապարակելով ֆեյսբուքյան իր էջում մի քանի անգամ խմբագրել է՝ Ցեղասպանությունը փոխելով Մեծ եղեռնի արտահայտությամբ եւ, ի վերջո, ընտրել է` ոչ նալին, ոչ մեխին տարբերակը. մի տեղ մի բառն են գրել, մյուս տեղ՝ երկրորդը։ Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ ՀՀ իշխանությունն առաջիկայում հանձն է առնելու նաեւ Տոների եւ հիշատակի օրերի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, որի հինգերորդ հոդվածի համաձայն «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշվում է ապրիլի 24-ին, ոչ աշխատանքային օր։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի հաղթած թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար։ Վերջինիս պաշտպանը միջնորդություն է ներկայացնելու դատարան՝ փոխելու համար նրա խափանման միջոցը, քանի որ գործով 30 վկաները արդեն հարցաքննվել են, եւ վերացել է նրանց հնարավոր ճնշման հնարավորությունն ու իմաստը:

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերեւույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Մամիկոն Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ:

Ասլանյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Քրեական գործը հիմա էլ քննում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանը: Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն կամ քաղաքական մոտիվներով կալանք»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ներքաղաքական իրադրությունը լարվելուն պես ՔՊ-ականները, որպես կանոն, հմտորեն ընդհատակ են անցնում` չեն երեւում հանրային վայրերում, անգամ խորհրդարան չեն գնում: Փոխարենը սրեր են ճոճում ֆեյսբուքյան իրենց էջերում, իշխանական լրատվամիջոցներում: Փաշինյանի հանձնարարությամբ հերթով-շարքով-կարգով արտահայտվում, որ «վճարեն» կերած հացի համար։

ՔՊ-ական մեր աղբյուրը պատմեց, որ նախօրեին հաշված պատգամավորներ են ԱԺ գնացել, տավուշյան ընդվզումը վախեցրել է շատերին։ Մտածել են` հիմա կգրոհեն խորհրդարանի վրա: Ուշագրավ է, որ նաեւ խորհրդարանական ընդդիմությունն էր ընդհատակ անցել, եւ ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ԿԸՀ նախագահի հաշվետվությունը քննվել է առանց ընդդիմության։ Ընդդիմադիրները նույնպես, ըստ ամենայնի, ամաչում են մարդամեջ դուրս գալ, չէ՞ որ մեզանում ընդդիմությունն էլ է ձախողվել եւ հուսախաբ արել իր ընտրողին, իշխանությունն էլ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ընդունած արձանագրությամբ ասվում է, որ մինչեւ մայիսի 15-ը պետք է լուծվի Տավուշի 4 բնակավայրերի հանձնման հարցը, իսկ մինչեւ հուլիսի 1-ը կողմերը պետք է համաձայնեցնեն հանձնաժողովի աշխատանքների կանոնակարգը, այդ թվում՝ խնդիրների լուծման հերթականությունը, ապա շարունակեն սահմանի մնացած հատվածների սահմանազատման գործընթացը՝ «ներառյալ անկլավների եւ էքսկլավների հետ կապված հարցեր»: Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի, Ադրբեջանին պետք է վերադարձնի Վերին Ոսկեպար, Սոֆուլու-Բարխուդարլու եւ Տիգրանաշեն «էքսկլավային գյուղերը»։ Խորհրդային տարիներին Ադրբեջանի 3 էքսկլավներն արհեստականորեն ձեւավորվել են Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ճանապարհների վրա կամ դրանց հարեւանությամբ։

Այսպես՝ Տիգրանաշենը (Քյարքի), որն, ըստ քարտեզի, ընդգրկում է 8,4 քառ․ կամ տարածք, գտնվում է միջպետական (Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման) ճանապարհի վրա։ Սոֆուլու-Բարխուդարլուն Տավուշի մարզկենտրոն Իջեւանից մոտ 15 կմ հեռավորության վրա է: Այն այսօր բնակեցված չէ, սակայն կենսական նշանակություն ունի հարակից գյուղերի՝ Դիտավանի, Ազատամուտի, Կայանի եւ Այգեհովիտի բնակիչների համար, որոնք այս տարածքն օգտագործում են անասնապահության եւ հողագործության նպատակով: Հարեւանությամբ միջպետական ճանապարհն է (Ոսկեպար-Նոյեմբերյան), որը Նոյեմբերյանի Հաղթանակ գյուղի մոտ միանում է Վանաձորից դեպի Վրաստան գնացող մայրուղուն (Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման)։ Ոսկեպար գյուղի մոտ՝ Մ-16 մայրուղու հարեւանությամբ, ԽՍՀՄ տարիներին ձեւավորվել է Վերին Ոսկեպար անկլավը, որը երեքից ամենամեծն է՝ 25,6 քառ․ կմ: Միասին 44,2 քառ․ կմ է՝ Արծվաշենի տարածքից միայն 6,1 քառ․ կմ-ով մեծ։

Ներկուսակցական քննարկումների ժամանակ որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, որի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ եթե այն ստանանք էլ, դժվար թե հայերը գնան ու բնակվեն, սակայն Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել` վրդովվել, թե ինքը չի կարող ՀՀ տարածքից հրաժարվել, իրեն կդատեն դրա համար: Սա նշանակում է, որ Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեեւ թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի: Կստացվի, որ Ալիեւը բավարարված է, Փաշինյանն էլ թատրոնը կշարունակի, թե` ես ինչ անեմ, հողը հետ բերեցի, բայց «դասալիք, վախկոտ հայերը» չգնացին այնտեղ ապրելու: Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը եւ այդ ժամանակ արդեն կսկսվի իրական աղետի վերջին փուլը։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները հեռացել են` «մեռած-չթաղված» վիճակում։ Մեր տեղեկություններով գերլարված քննարկում է ծավալվել կողմերի միջեւ։ Բացի այն, որ Փաշինյանը դիմել է ավանդական շանտաժին եւ տավուշցիներին սպառնացել պատերազմով, ասելով՝ եթե սահմանազատման-սահմանագծման գործընթացը չիրականանա, ապա Ադրբեջանը պատերազմ է սկսելու Հայաստանի դեմ:

Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները, հաստատվելով մեր բնակավայրերի կողքին, հետագայում ավելին չեն պահանջի, չեն փորձի առաջ գալ: Հարցրել են՝ տալի՞ս է ինքը նման երաշխիք, որ այլեւս նոր պահանջներ չեն ներկայացնի, քանի որ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Նիկոլ Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող նման երաշխիքներ տալ, իսկ եթե իրադարձությունները զարգանան այդ սցենարով, ապա պետք է ժամանակ շահենք, հասկացնելով, որ ամեն կերպ ուզում է խուսափել պատերազմից եւ չգիտի, թե որն է դրա իրական գինը։

Ինչպես հայտնի է՝ Փաշինյանի ստորագրությամբ օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովին կից 2 աշխատանքային խումբ ստեղծելու որոշում կայացվեց, որի կազմում են ոչ միայն Փաշինյանի հլու-հնազանդ ուժայինների ներկայացուցիչները, քավորը՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, այլեւ Նոյեմբերյան համայնքի, Ոսկեպար, Բերքաբեր, Կիրանց բնակավայրերի վարչական ղեկավարները, որոնք նախօրեին հրավիրվել էին կառավարություն՝ հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի հայաստանյան կազմի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ քննարկման։ Կառավարություն էին այցելել նաեւ նշված համայնքների վարչական ղեկավարները, ինչպես նաեւ Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը, քանի որ համայնքապետը ԱՄՆ-ում է։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո կազմակերպվել է նաև հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, որն, ինչպես նշեցինք, անցել է լարված մթնոլորտում:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ Մհեր Գրիգորյանը, Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրենը, ՆԳ նախարարը։ Համայնքապետերն առաջարկել են հայ-ադրբեջանական սահմանի ամբողջական սահմանազատում իրականացնել՝ համաչափության սկզբունքով, որի արդյունքում ադրբեջանցիներն էլ դուրս գան հայկական տարածքներից, որոնք օկուպացրել են տարբեր ժամանակներում: Այսինքն` մերը մեզ, իրենցը` իրենց սկզբունքով, սակայն Փաշինյանն ասել է, որ այս պահին նման հնարավորություն չկա, Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ չէ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում