Իշխանությունները հնձեցին այն, ինչ ցանել էին․ տների առջև դագաղ դնողները, չպետք է բողոքեն վանկարկումներից․ առավոտյան մամուլը Times.am-ում

Իշխանությունները հնձեցին այն, ինչ ցանել էին․ տների առջև դագաղ դնողները, չպետք է բողոքեն վանկարկումներից․ առավոտյան մամուլը Times.am-ում

Մինչ ՔՊ-ն Հայաստանը հռչակում է «ժողովրդավարության բաստիոն», ԱՄՆ Պետդեպն իր զեկույցում անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մարդկանց խոշտանգելու ու նվաստեցնելու փաստերին։ Օրեր առաջ էլ Freedom House-ը հայտարարել էր Հայաստանում ժողովրդավարության վարկանիշի նվազման մասին․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50 ից հասնելով 2,25-ի, ինչպես նաև նույն իրավապաշտպան կազմակերպության «մտահոգությունը Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով», երբ հերթական ապտակն եկավ Արևմուտքից:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ Հայաստանի կառավարության կողմից խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի մասին արժանահավատ տեղեկություններ են ստացել, երկրում շարունակվել են կամայական ձերբակալություններն ու կալանքները, լրջագույն խնդիրներ կան դատական իշխանության անկախության հետ կապված։ ԱՄՆ Պետդեպարտամենտը նշում է, որ Հայաստանում իրավապահների չարաշահումների հին ու նոր դեպքերի անպատժելիությունը շարունակվում է:

Բաժին է հասել նաև դատական համակարգին: Նշվում է, որ չեն վերացել դժգոհությունները դատավորների գործունեության հետ կապված, զեկույցը շեշտում է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները կիրառվել են ընտրովի, թափանցիկության պակաս կա այդ հարցով Արդարադատության նախարարության որոշումների կայացման գործընթացում։ Ըստ զեկույցի հեղինակների, հետաքննող լրագրողները պարբերաբար հայտնում են պետական գնումների համակարգում առկա խնդիրների, այդ թվում՝ մեկ անձից արված գնումների համատարած գործելաոճի, ինչպես նաև պետական պատվերներ ստացող ընկերությունների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների միջև կապերի մասին: Մի խոսքով, 2018 թվականից հետո աննախադեպ է, որ Արևմուտքն իր «զավակին» այս կարգի ապտակներ հասցնի:

Այն, որ Freedom House-ի ու Պետդեպի զեկույցները ներկայացնում են Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակությունների ընդամենը մի փոքր մասը, այսինքն՝ շատ բաների վրա նույնիսկ աչք փակել, ակնհայտ է, դա չի էլ քննարկվում: Բայց թե ինչու հանկարծ Արևմուտքը որոշեց գոնե մի քիչ նայել իրականության աչքերին, կարող է լինել մի քանի տարբերակ, այդ թվում՝ նախազգուշացում Նիկոլ Փաշինյանին, կամ ժողովրդավարության նահանջի մեծ ծավալների պարագայում լրիվ աչք փակելու անհնարինություն, կամ էլ, որ պակաս հավանական չէ, գուցե Արևմուտքն էլ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ. հաշվետվությունը՝ տեսնում ենք դատարկ սյունակներ, զրո դրամի շարժ եւ նմանատիպ այլ չլրացված թղթեր։ Միայն փաստաթղթի առաջին էջում նկատվում է կուսակցության 1180 աշխատակցի մասին տեղեկություն, որով էլ, եթե հանկարծ Արսենյանը մի օր դառնա ՔՊ-ին ընդդիմադիր, իշխանությունը անմիջապես վարույթ կհարուցի` պարզելու, թե 1180 աշխատակիցը ո՞նց կարող էին չվարձատրվել։

Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել։

Կարելի է փաստել, որ Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի եւ Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար միջոցառումներ են իրականացվում: Առաջիկայում էլ են պլանավորում։ Հասկացել են, որ ոչինչ չանելը միայն վնասում է գործին, իսկ Վարդանյանի՝ հացադուլ սկսելուց հետո ժամերը հաշվված են: Նրանց գերեվարումից հետո մի շարք ՀԿ-ներ, անհատներ ցանկացել են ակտիվ աշխատել՝ խնդիրը բարձրացնել միջազգային ատյաններում, սակայն մասամբ ՀՀ իշխանությունների, մասամբ գերիների ընտանիքների խնդրանքով ձեռնպահ են մնացել, իբրեւ թե չվնասելու համար, իբրեւ ՀՀ իշխանությունը զբաղվում է։

Երեկ՝ ապրիլի 24-ին, Վարդանյանի թիմը նախաձեռնել էր երթ՝ իրենց զորակցությունը հայտնելով հայ գերիներին: Նախորդ օրը մոտ 3 տասնյակ ՀԿ-ներ նամակ էին հասցեագրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչ Էգգերին ՝ խնդրելով «վճռական քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի առողջական խնդիրների լուծման համար»: Երեկ էլ գործարարի որդին էր հարցազրույց տվել CNN-ին` Քրիստիան Ամանպուրին։ Ասել է, որ երկար ժամանակ լուր չեն ունեցել հորից, շաբաթ օրը նա կապվել է քրոջ հետ եւ ասել, որ իրեն մեկուսացրել են եւ օրվա մեջ միայն ճնշումն են չափում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք «մտնում», ընտանիքը մեզ համար «կարմիր գիծ» է: Կրկնենք, ով էլ նա լինի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը: Բայց մեկ անգամ առիթ ունեցել ենք զգուշացնելու, որ Նիկոլ Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ: Որոշ ժամանակ, կարծես, ինչ-որ բան էր փոխվել այդ առումով: Բայց այն, ինչ երեկ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում, քիչ է ասել, թե ծանր տպավորություն թողեց:

Իհարկե, որևէ մեկին արգելված չէ որևէ տեղ գնալ երեխաների հետ: Բայց երբ հիանալի գիտեք, որ հասարակության առնվազն 90 տոկոսը ձեզ տեսնելիս կոշտ արձագանք է տալու, «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու» և նման այլ բացականչություններով է դիմավորելու, առավել ևս, որ հենց հիմա հանձնողականության հերթական փուլն եք կյանքի կոչում, պետք է որ խուսափեք նման մարդաշատ վայրերում զավակների հետ հայտնվելուց: Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք կպնդեն, թե տեսնելով, որ երեխա կա, մարդիկ ավելի զուսպ կարող էին լինել: Այլ պայմաններում նրանք, գուցե, իրավացի լինեին: Բայց այսօր ո՛չ «այլ պայմաններ» են, ո՛չ էլ, առավել ևս, սովորական վիճակ է:

Թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա ընտանիքի անդամները, թե՛ նրա յուրաքանչյուր թիմակից վերջապես սա պետք է հասկանա, պետք է հասկանան նաև, որ նրանք տանից դուրս գալու յուրաքանչյուր պարագայում նման արձագանք են ստանալու՝ նույնիսկ տասնյակ թիկնապահներով շրջապատված. սա հանրության իրական վերաբերմունքն է իրենց նկատմամբ: Հենց իրական, ո՛չ ֆեյքային, ո՛չ ֆեյսբուքյան, ո՛չ «կաբինետների» ու «պադավատների» պատուհանից երևացող, ավելի ստույգ՝ թվացող: Ուրեմն, հատկապես անչափահաս երեխաներին հնարավորինս պետք է զերծ պահել նման վիճակներից. դա ծանր, գուցե անջնջելի հոգեբանական հետևանքներ է թողնելու այդ երեխաների ներաշխարհի վրա, նրանք դա երբեք չեն մոռանալու: Ու սա վերաբերում է ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվող բոլորին:

Երեխաները, կրկնում ենք՝ հատկապես անչափահասները (չափահասներն իրենք կարող են նաև որոշում կայացնել ու պատասխանատվություն ստանձնել) չպետք է դառնան իրենց ծնողների քայլերի զոհը: Կրկնենք, չափազանց ծանր էր երեկվա պատկերը: Իսկ գուցե այս ամենից պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ, հատկապես, երբ խոսվում է արժանապատվություն ունենալու մասին…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան երբեւէ, արդիական է, հատկապես՝ ՔՊ-ի դեպքում:

Երեկ Ծիծեռնակաբերդում վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, եւ նրանց կրտսեր դստերը տհաճ դիմավորելն ու ընդունելությունը իրարանցում էր առաջացրել իշխող թիմում:

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել, իսկ որոշ պատգամավորներ՝ քծնել Աննա Հակոբյանին ու դատապարտել տեղի ունեցած միջադեպը՝ որակելով այն անարգանք:

Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:

Թերեւս փաստ է, որ մարդկանց ընտանիքներ թիրախավորելու արատավոր բարքը հասարակական դաշտ բերել են «թավշյահեղափոխականները»՝ Փաշինյանի գլխավորությամբ. երբ դագաղներով եւ ծաղկեպսակներով գնում էին մարդկանց տներ, կամ անվանական սեւ ժապավեններ էին կապում նրանց բնակարանների մոտ:

Հիշենք ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի դստեր՝ Նարե Շարմազանովայի դիմում-նամակը, որտեղ նա վրդովված դիմել էր թավշյահեղափոխականներին, եւ խնդրել էր դադարեցնել իր հոր նկատմամբ անվայելուչ պահվածքն ու վիրավորական արտահայտությունները:

Բացի այս դեպքից, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին նույն թավշյահեղափոխականները թիրախավորեցին, երբ վերջինս իր թոռան հետ զբոսնում էր Ազատության հրապարակում:

Ի վերջո, չմոռանանք նաեւ, որ ինչպես Ծիծեռնակաբերդը, այնպես էլ Եռաբլուրը հենց ՔՊ-ականներն ու նրանց աջակիցներն են բազմիցս վերածել քաղաքական հարթակի, երբ, իրենց ղեկավարին, սրբություն համարվող այս վայրերում, դիմավորում էին «Նիկոլ վարչապետ» վանկարկումներով եւ ծափահարություններով:

Այս ամենից հետո ՔՊ-ականները, թերեւս, երեկվա դեպքից դժգոհելու տեղ չունեն. ինչ ցանել են, այն էլ հնձում են»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին մարդկանց մասնակցությունից: Այն չնայած բազմամարդ էր, ըստ որոշ հաշվարկների` 70 հազարի չափ մարդ է մասնակցել, բայց, ըստ ընդդիմադիրների, այս տարի զիջում էր նախորդ տարիներին: Մինչդեռ այս տարի՝ Արցախում կատարված էթնիկ զտումներից, Արցախի հայաթափումից, Տավուշում կատարվող դեպքերից հետո ակնկալել են, որ ավելի բազմամարդ կլինի։

Սակայն պետք չէ մեղադրել շարքային քաղաքացիներին: Մի կողմից՝ իշխանության վարած քաղաքականությունն է հուսահատության մատնել նրանց, մյուս կողմից՝ ընդդիմության պասիվությունն ու ոչինչ չձեռնարկելը փոխանցվել է հանրությանը եւ ապատիա ու անհուսություն առաջացրել:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում